Home / Հայաստան / Ղազախստանի հին նոր նախագահը ռեկորդներ է սահմանում

Ղազախստանի հին նոր նախագահը ռեկորդներ է սահմանում

Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հաղթանակ է տարել ապրիլի 3-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում: Նշենք, որ Նազարբաևը ղեկավարում է Ղազախստանը շուրջ 20 տարի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն Նազարբաևը ստացել է ընտրողների ձայների 95,5%-ը:

Նրա հաղթանակի հեռանկարը ոչ ոքի մոտ կասկած չէր հարուցում դեռ ընտրություներից առաջ: Միակ հարցը ընտրողների ակտիվությունն էր և այն, թե որքանով կկարողանա գործող նախագահը գերազանցել 2005-ի իր սեփական ցուցանիշը: 2005-ին նա հավաքել էր ընտրողների ձայների 91 %-ը:

Հերթական նախագահական ընտրությունները պետք է կայանային 2012 թվականին, սակայն 70-ամյա Նազարբաևը որոշեց արտահերթ ընտրություններ անցկացնել: Ընտրությունները նշանակվեցին այն բանից հետո, երբ Նազարբաևը վետո դրեց խորհրդարանի աջակցությունը ստացած համազգային հանրաքվեի անցկացման նախաձեռնության վրա, որը թույլ էր տալիս նրան նախագահի պաշտոնում մնալ մինչև 2020 թվականին:

Արևմտյան քաղաքական գործիչները բազմիցս գովեստներ են հնչեցրել նրա այս քայլի կապակցությամբ, սակայն նախագահի մի շարք քննադատներ պնդում են, որ նա շտապում էր ազգային խռովությունների ալիքի բարձրացման տեղիք չտալու համար, գրում է BBC-ն:

Ղազախստանում տեղի ունեցած ընտրությունները ռեկորդ են սահմանել ընտրողների մասնակցության քանակով: Նախնական տվյալների համաձայն, ընտրություններին մասնակցել են ընտրողների 89,9%-ը: Նախորդ ընտրություններին ընտրական տեղամաս են այցելել ընտրողների 76,78 %-ը:

Ղազախստանի ընտրական կոմիտեի աշխատակիցները չէին էլ հասցրել բացել ընտրատեղամասերը, երբ առավոտյան ժամը 7-ից անմիջապես հերթեր են գոյացել: Հազարավոր պետաշխատողներ, թոշակառուներ և ուսանողներ շտապում էին իրենց քաղաքացիական պարտքը հնարավորինս շուտ կատարել, որոշ տեղամասերում անգամ բանը հասել է ծեծկռտուքի: Ընդդիմադիր կայքերում գրում են, որ պետական աշխատողներին ստիպել են քվեարկել աշխատանքից ազատման վտանգի սպառնալիքով, ուսանողներին խոստացել են հեռացնել համալսարաններից, իսկ թոշակառուներին ընտրատեղամասեր են բերել անվճար թեյի և օրացույցերի խոստումներով: