Home / Հայաստան / Յեմենում կրկին կրակել են ցուցարարների վրա. կան զոհեր

Յեմենում կրկին կրակել են ցուցարարների վրա. կան զոհեր

Յեմենի ոստիկանությունը շարունակում է դաժանորեն կասեցնել հակակառավարական ցույցերը: Երկուշաբթի Յեմենի հարավ-արևմուտքում գտնվող Թայիզ քաղաքում սկսված բողոքի ակցիաները կրկին ցրվել է կրակոցների միջոցով, հաղորդում է Associated Press-ը:

Ցուցարարները հավաքվել են նահանգապետի նստավայրի մոտ, սակայն զինվորականները փակել են նրանց ճանապարհը: Ցուցարարները հրաժարվել են հեռանալ, որից հետո տանիքներին տեղակայված զինվորականները կրակ են արձակել նրանց ուղղությամբ: Կրակոցների հետևանքով 12 մարդ զոհվել է, 30-ը` վիրավորվել:

Շատ տուժածների առողջական վիճակը ծանր է գնահատվում: Բժիշկների խոսքով` վիրավորները հրազենային վնասվածքներ են ստացել գլխի և կրծքավանդակի շրջանում:

Սա առաջին դեպքը չէ, երբ զինվորականները կրակում են ընդդիմադիրների վրա: Վերջին երկու ամիսների ընթացքում նման կերպ էին ցրվում մայրաքաղաք Սանայում և Յեմենի այլ քաղաքներում ծավալվող բողոքի ակցիաները:

Ընդդիմադիրները պահանջում են Յեմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհի հրաժարականը, ով ղեկավարում է երկիրը 1978 թվականից ի վեր: Նրանք մեղադրում են իշխանություններին կոռուպցիայի, գնաճի և գործազրկության մեջ: Իրավիճակից օգտվում են նաև «Ալ-Ղաիդայի» գրոհայինները, ովքեր բռնագրավում են զենքերի պահուստները և փորձում են տարբեր բնակավայրերի նկատմամբ վերահսկողությունն իրենց ձեռքը վերցնել` այնտեղ «իսլամիստական իշխանություն» հաստատելու համար: