Home / Հայաստան / Ռոբերտ Քոչարյանի դատական հայցը չի խանգարի «Հրապարակ» օրաթերթին վաղը լույս տեսնել

Ռոբերտ Քոչարյանի դատական հայցը չի խանգարի «Հրապարակ» օրաթերթին վաղը լույս տեսնել

Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ` պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Հայցի համար հիմք է հանդիսացել օրաթերթի «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին՝ բացատրո՞ւմ» հրապարակումը:

Մարտի 28-ին դատարանի որոշմամբ կալանք է դրվել նաև «Հրապարակ» օրաթերթի գույքի և բանկային հաշիվների վրա:

Epress.am-ի հետ զրույցում «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասել է, որ այս հայցադիմումը տառացիորեն ուղղված է թերթի գործունեության խոչընդոտմանը:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք կարող են խնդիրներ առաջանալ վաղվա թերթի համարի լույս տեսնելու հետ կապված, Օհանյանն ասել է, որ «հուրախություն» ոմանց` թերթը լույս է տեսնելու:

«Մենք երկար տարիներ աշխատել ենք այդ տպարանի հետ, այն մեր գործընկերն է, և հետագայի համար պարզապես հուսով ենք, որ ըմբռնումով կմոտենան նրան, որ բանկային հաշվի սառեցման պատճառով չենք կարողանա վճարել»,- ասել է խմբագիրը:

Նա պատմել է, որ դատական հայցը ներկայացնելուց հետո, դատարանն արդեն իսկ ցույց է տվել իր կանխակալ վերաբերմունքը` բավարարելով բանկային հաշվի և գույքի վրա կալանք դնելու Քոչարյանի պահանջը:

«Նրանք պահանջում են հերքում տպագրել, բարոյական վնասի համար փոխհատուցել, և վերջին` երրորդ պահանջը` գույքի և բանկային հաշիվների վրա կալանք դնել, իսկ այս վերջինը ոչ այլ ինչ է, եթե ոչ ոչ մեկի ենթակայության տակ գտնվող թերթի գործունեության խոչընդոտում»,- ասել է Օհանյանը:

Նա նշել է, որ իրենք պատրաստվում են բոլոր իրավական միջոցներով պայքարել.

«Չնայած պրակտիկայից արդեն իսկ ակնհայտ է, որ խիստ փոքր է դատարանի օբյեկտիվ լինելու տոկոսը»: