Home / Հայաստան / Սիրիայի նախագահը նոր վարչապետ է նշանակել

Սիրիայի նախագահը նոր վարչապետ է նշանակել

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կարգադրել է գյուղատնտեսության նախկին նախարար Ադել Սաֆարին նոր կառավարություն ձևավորել: Այն կփոխարինի մարտի 29-ին ցրված նախարարների կաբինետը, հաղորդում է Reuters գործակալությունը:

Սիրիայի նախկին կառավարությունը աշխատում էր 2003 թվականից ի վեր: Հրաժարականի պատճառը զանգվածային բողոքի ցույցերն էին, որի մասնակիցները պայքարում էին քաղաքական ազատությունների և տնտեսական նոր քաղաքականության ստեղծման համար:

Կիրակի Դամասկոսի մերձակա քաղաքներից մեկում կրկին բազմահազարանոց բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Ցույցերը սկսվել են ազգային խռովությունների արդյունքում սպանված ութ մարդկանց հուղարկավորության արարողությունից հետո: Երկշաբաթյա բողոքի ակցիաների հետևանքով ավելի քան 60 մարդ է զոհվել: Պաշտոնական տվյալների համաձայն, զոհվածների թիվը 30-ն է:

Զանգվածային բողոքի ակցիաներից հետո Բաշար ալ Ասադը հայտարարել է երկրում մի շարք քաղաքական բարեփոխումներ իրականացնելու մտադրության մասին: Նախևառաջ քննարկվում է երկրում ավելի քան 50 տարի գործող արտակարգ իրավիճակի վերացման հարցը:

Բացի դա, Ասադը խոստացել է բարեփոխումներ իրականացնել իրավապահ և դատական համակարգերում, մեծացնել ԶԼՄ-ների ազատությունը, կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնել և նոր աշխատատեղեր ստեղծել: