Home / Հայաստան / Հովհաննիսյանի պահանջներին նստացույցով աջակցում են ևս երեք մտավորականներ

Հովհաննիսյանի պահանջներին նստացույցով աջակցում են ևս երեք մտավորականներ

Այսօր ժամը 17.00-ին Ազատության հրապարակում նստացույց են սկսել երեք մտավորականներ, ովքեր միացել են «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջ քաշած պահանջներին: Հիշեցնենք, որ մարտի 15-ից 30-ը տևած հացադուլի 7-րդ օրը Հովհաննիսյանը 15 պահանջ էր ներկայացրել, որոնց թվում, մասնավորապես, «Ժողովրդին իշխանություն», «Ոչ կուսակցապետությանը», «ժողովուրդն է երկրի տերը», «Ոչ անարդարությանը, աղքատությանը և արտագաղթին» պահանջներն էին:

Այսօր նստացույցին մասնակցելու ցանկություն են հայտնել քաղաքագետ Նիկիտա Զարուբյանը, «Խաչակիր» հայրենակցական կազմակերպության խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանը և «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը:

«Ժողովուրդն այլևս ելք չունի, այսպես այլևս չի կարելի, պետք է ավելի շատ մարդ ներգրավել հասարակական, քաղաքական կյանքում», – Epress.am-ի հետ զրույցում նշել է Հակոբյանը:

Նստացույցի ընթացքում` ժամը 17:00-21:00-ը, մասնակիցները չեն շփվում լրագրողների հետ: Ակցիայի մեկնարկից առաջ «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ թևի ներկայացուցիչները Ազատության հրապարակում տեղադրեցին  հովանոց, ինչպես նաև պաստառ` «Ոչ կուսակցապետությանը» գրությամբ:

Նշենք, որ ակցիան արդեն երրորդ օրն է ընթանում: Ակցիային, մասնավորապես, մասնակցել են ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, պրոֆեսոր Անահիտ Տոնոյանը: