Home / Հայաստան / Քադաֆիի որդիները պատրաստվում են պաշտոնանկ անել հորը

Քադաֆիի որդիները պատրաստվում են պաշտոնանկ անել հորը

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդիներն իրենց հոր պաշտոնանկության և Լիբիայում ժողովրդավարական բարեփոխումների ծրագիր են մշակում:

The New York Times-ի տվյալների համաձայն` Քադաֆիի հեռացման ծրագրի հեղինակներն են Սեյֆ ալ-Իսլամը և Սաադ ալ-Քադաֆին: Պետք է նշել, որ ավելի վաղ Սեյֆ ալ-Իսլամը բազմիցս ելույթ է ունեցել հորը սատարելու կոչերով: Սաադը համարվում է Լիբիայի հատուկ ուժերի հրամանատարը, նախկինում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել: Երկուսն էլ նախկինում գլխավորում էին Քադաֆիից հետո Լիբիայի առաջնորդի հնարավոր թեկնածուների ցուցակը:

Սակայն չի հստակեցվում, թե հատկապես ինչում է կայանում լիբիական առաջնորդի որդիների ծրագիրը: The New York Times-ի տվյալներով` Մուամար Քադաֆին նախկինի պես չի պատրաստվում դադարեցնել ապստամբների դեմ պայքարը և վստահ է, որ Լիբիայում քաղաքացիական պատերազմի բռնկման աղբյուր են հանդիսացել արտասահմանցի իսլամիստները:

Քադաֆիի որդիների ծրագրի գոյության փաստը անուղղակիորեն ապացուցում է Սեյֆ ալ-Իսլամի խորհրդականի` Լոնդոն մեկնելու հանգամանքը: Պարբերականի տվյալներով` խորհրդականը Բրիտանիայի դիվանագիտական շրջաններին ներկայացրել է Քադաֆիի որդիների ծրագիրը, համաձայն որի, Լիբիայի իշխանությունը կանցնի Սեյֆ ալ-Իսլամի ձեռքը, իսկ այնուհետև երկրում ժողովրդավարական բարեփոխումներ կիրականացվեն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիբիայից Մեծ Բրիտանիա է փախել Լիբիայի ԱԳ նախարար Մուսա Կուսան: