Home / Հայաստան / «Հայերի վրա կախված մնաց կոտորածի անեծքը». Լև Տրոցկին` հայկական հարցի մասին

«Հայերի վրա կախված մնաց կոտորածի անեծքը». Լև Տրոցկին` հայկական հարցի մասին

19-20-րդ դարերի ռուս հեղափոխական Լև Տրոցկին իր «Թուրքիայի քայքայումը և հայկական հարցը» հոդվածում անդրադարձ է կատարել Օսմանյան կայսրությունում հայերի վիճակին, ինչպես նաև հայերի նկատմամբ տարվող քաղաքականությանը: Հոդվածը գրվել է 1912 թվականի վերջին. Տրոցկին նշում է, որ Թուրքիայում հայերին լայնածավալ ջարդեր են սպասում: Հոդվածը ներկայացնում ենք հատվածաբար.

«Արևելյան հարցի և ոչ մի տարր խաղաղ ճանապարհով չի լուծվել, և, չնայած միջազգային զինանոցից վերցված պարտադրանքի տարբեր միջոցների օգտագործմանը, եվրոպական դիվանագիտությունը միշտ անզոր է գտնվել Թուրքիայի կառավարություն համառ ցանկության բացակայության կամ, ավելի ճիշտ, գոյություն ունեցող իրավիճակը փոխելու անկարողության դեմ:

Արևելյան հարցի տարրերից մեկն էլ հայկական հարցն է:

Հայ ապստամբներն անգամ հաջողված գործողությունների իրականացման դեպքում չէին կարող երկար մնալ թուրքական տարածքներում: Նրանք ստիպված էին փախչել արտասահման, այն է` Պարսկաստան կամ Կովկաս: Սակայն Պարսկաստանի հետ, ինչպես հայտնի է, թուրքական կառավարությունը քիչ է հաշվի նստում, և հայերի հետապնդումը շարունակվում է նաև պարսկական հողի վրա: Բացի այդ, սահմանը հատելու դեպքում հայերը ստիպված են եղել բախվել Պարսկաստանում բնակվող քրդերի հետ, ովքեր իրենցից ոչ պակաս վտանգ են ներկայացնում, քան թուրքերը: Ռուսական հողի վրա հայ ապստամբները միշտ ստիպված են եղել թաքնվել, քանի որ Ռուսական կայսրության ղեկավարությունը նրանց ընդունել է ոչ թե որպես թուրքական իրականության ահասարսուռ պայմանների զոհեր, այլ պարզապես որպես հեղափոխականներ: 1890-ականների վերջին 1900-ական թվականների սկզբին Կովկասում բանտերը կիսով չափ լցված էին «քաղաքական հանցագործներով», որոնց ամբողջ հանցանքը կայանում էր նրանում, որ իրենք մտահոգված էին իրենց հայրենակիցների վիճակի բարելավմամբ, ովքեր Թուրքիայում ենթարկվում էին պարբերական բնույթ կրող հալածանքների, ինչից սարսռում էր ողջ քաղաքակիրթ աշխարհը: Իշխան Լոբանով-Ռոստովսկու նման դիվանագետները հայերին հալածելու համար քարտ-բլանշ էին տվել սուլթան Աբդուլ-Համիդին, իսկ իշխան Գոլիցինի կարգի չինովնիկները բանտ էին ուղարկել նրանց, ովքեր համարձակվում էին բողոքել համիդյան ջարդերի դեմ:

Եվ, այսպես, հայկական հարցը կրկին արդիական է դառնում: Մեծ հաշվով, այն երբեք էլ չի մահացել, միայն ինչ-որ ժամանակ լռեցվել է 1897-1901թթ. ժամանակահատվածում, երբ 1894-1896թթ. ջարդերը բնակչությանը ծայրահեղ հյուծված վիճակի մեջ դրեցին և նվազեցրեցին հեղափոխական կազմակերպությունների ուժերը: Սկսած 1901 թվականից որոշակի աշխուժություն է նկատվում, որն ավարտվում է Անդրանիկի գլխավորած 1904 թվականի Սասունի ապստամբությամբ: Այն, սակայն, դրական արդյունքներ չտվեց, և Անդրանիկը իր զինակիցների որոշ մասի հետ ստիպված էր լքել հայրենի սարերը:

Բայց այդ պահից ի վեր ուժեղ հեղափոխական քարոզչությունը, ժողովրդի զինումը և ապստամբության առանձին պայթյունները չեն դադարում: Եվ եթե թուրքական սահմանադրությունը մի փոքր էլ ուշանար, ապա շատ հնարավոր է, որ թուրքական Հայաստանը նոր, մեծ հեղափոխության թատերաբեմ կդառնար, որին կմասնակցեին ոչ միայն հայերը, այլ նաև թուրքերը:

Բայց, ինչպես դա միշտ է լինում Թուրքիայում, ապակենտրոնացումը մնաց թղթի վրա, իսկ խոստումները դատարկ ձայնի էին նման: Շուտով շատերի համար պարզ դարձավ, որ սահմանադրությունը միայն արտաքին տեսքը փոխեց, իսկ բովանդակությունը նույնը մնաց: Խոստացած բարեփոխումներից ոչ մեկը չիրականացվեց, բացի դա, անցյալ տարի հայկական շրջաններում սկսվեցին պարբերական ջարդերը, որոնք ահռելի չափերի են հասել:

Հայկական հարցը կյանքի կոչած քաղաքական պատճառների շարքում հայերի գրեթե լիովին իրավազուրկ լինելն է: Մենք արդեն տեսել ենք, որ հայերի նկատմամբ բռնությունները հանցագործություն չեն համարվում: Եթե անգամ ինչ-որ մի բռնության գործ հասնում է դատարան, այն ավարտվում է բռնարարքը կատարողի արդարացմամբ, քանի որ ոչ մի մահմեդական վկայություն չի տա քրիստոնյայի համար և մեկ այլ մահմեդականի դեմ, իսկ քրիստոնյաների վկայությունները մահմեդականների դեմ հաշվի չեն առնում: Օրենքը, իհարկե, մահմեդականների և ոչ մահմեդականների միջև տարբերություն չի դնում, սակայն չինովնիկները՝ հատկապես խուլ շրջաններում, չեն ընդունում սահմանադրությունը: Եվ հիմա Անատոլիայի վիլայեթներում նույն անօրինությունն է իշխում, որը գոյություն ուներ հին ռեժիմի ժամանակ:

Իհարկե, սխալ կլիներ ասել, որ սահմանադրությունը ոչ մի փոփոխություն չմտցրեց հայկական ազգաբնակչության դժոխային կյանքում: Սկզբում, երբ հին ռեժիմի ներկայացուցիչները և արհեստավարժ բռնակալները չգիտեին, թե ինչպես իրենց կվերաբերվի նոր ռեժիմը, նրանք իրենց ինչ-որ տեղ կորցրած էին զգում, և հայերը մի փոքր ազատ սկսեցին շնչել: Կարճ ժամանակում նրանք քաղաքական ակումբներ բացեցին, գրադարաններ, ընթերցասրահներ, ավելացավ դպրոցների, տարատեսակ բարեգործական կազմակերպությունների թիվը:

Բայց, ընդհանուր առմամբ, հայը մնաց նույն գյավուռը, այն է` նույն էակը, որի հետ թուրքն ու քուրդը կարող են անել այն, ինչ կցանկանան: Հայերի վրա կախված մնաց կոտորածի անեծքը, որից ապահովագրված չէ անգամ մայրաքաղաքի բնակչությունը»:

Լուսանկարները՝ genocide-museum. am կայքից

Tekali Taxi