Home / Հայաստան / ԱԺ նախկին նախագահը համոզված է, որ ԱԺ-ն ցրելու համար հիմք չկա

ԱԺ նախկին նախագահը համոզված է, որ ԱԺ-ն ցրելու համար հիմք չկա

Հայաստանի գործող նախագահը ոչ տեսականորեն, ոչ էլ գործնականում այսօր չի կարող ցրել ԱԺ-ն: Այս մասին «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասել է նաև ԱԺ նախկին նախագահ, իսկ հիմա անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը

Նա նշել է, որ պետք է հաշվի առնել այն, որ հերթական նստաշրջանի ավարտին շատ քիչ ժամանակ`մոտ մեկ ամիս է մնացել:

«Եթե սա նկատի ունենանք, ապա ակնհայտ կլինի, որ նման հարց անգամ, եթե զուտ տեսականորեն առաջանա, ապա կլինի աշնանային նստաշրջանին : Աշնանային նստաշրջանում  նման բան անել` ձմռանն ընտրություններ անցկացնելու համար, անհեթեթ բան կլինի, որովհետև ընդամենը մի քանի ամիս հետո հերթական ընտրություններն են»,- ասաց Տիգրան Թորոսյանը: Նա նաև նշեց, որ ԱԺ-ն արձակելու մյուս տեսականորեն հնարավոր տարբերակն այն է, եթե խորհրդարանական մեծամասնությունը`այն էլ բացառապես համամասնականով ընտրվածների, այսինքն`ՀՀԿ ու ԲՀԿ ցուցակներով ընտրվածները, հրաժարվի իր մանդատներից (բանն այն է, որ Տ. Թորոսյանի մատուցմամբ, մեծամասնականով ընտրված պատգամավորների անգամ մեծամասնության կողմից մանդատներից հրաժարվելու դեպքում միայն առանձին տարածքներում նոր ընտրություններ պետք է կազմակերպվեն):

Երկրի նախագահի կողմից ԱԺ մեծամասնությանը «սաբոտաժի» դրդելու մասին մեր հարցադրմանն ի պատասխան` Տ. Թորոսյանն ասաց, թե դա հերթական կամայականություն կլինի , ու հավելեց. «Բայց երկրի նախագահը մարսեցի չի չէ՞: Նա խորհրդարանում ամենամեծ` փաստացի կեսից ավելի պատգամավորների ներկայություն ունեցող քաղաքական ուժի ղեկավարն է, և բոլոր դեպքերում պետք է հնարավոր լինի բացատրել հանրությանը `ինչո՞ւ է դա արվում: Դա անել և գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միայն կարող է անել, չգիտեմ, թերևս, խելքը կորցրած մեկը, որովհետև, ի վերջո, կուսակցություններն ընտրությունների գնում են մեծամասնություն ունենալու համար: Եթե դու արդեն իսկ մեծամասնություն ունես, ուրեմն` բարի եղիր այն խոստումները, որոնք տվել ես հասարակությանը, իրականացնել: Հակառակ դեպքում որևէ ողջամիտ բացատրություն գտնել հնարավոր չէ»: