Home / Հայաստան / Երևանյան հագուստի տոնավաճառները դատարկվում են

Երևանյան հագուստի տոնավաճառները դատարկվում են

Թուրքիայից Հայաստան ապրանք ներմուծող առևտրականները տարեսկզբին բունտ արեցին բեռնափոխադրող ընկերությունների կողմից ներմուծման համար գանձվող վճարների կրկնապատկման դեմ, հիշեցնում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

«Խոշորագույն տոնավաճառների` «Մալաթիայի» և «Հրազդանի» թուրքական հագուստի վաճառքով զբաղված առևտրականները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ կազմակերպեցին: Հիշեցնենք, որ այն ժամանակ 1 կիլոգրամի դիմաց սահմանված 4 դոլար վճարը մեկ օրվա մեջ բարձրացրել էին 8-ի: Առևտրականների պայքարի արդյունքում վճարն իջեցվեց և սահմանվեց հագուստի կիլոգրամի դիմաց 6 դոլար: Բայց եթե նախկինում  «ֆուռերը» շաբաթական 5-6 անգամ էին Հայաստան ապրանք բերում , ապա այժմ 2 անգամ, որովհետև կտրուկ նվազել է պահանջարկը: Խոշոր տոնավաճառների շատ սեղանիկներ և տաղավարներ պարզապես փակվել են` իրենց ընտանիքի հացի խնդիրը այդ առևտրով հոգացող մարդիկ այլ ելք չեն ունեցել: Չնայած բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունները, մեր տեղեկություններով, պատրաստ են ներմուծման վճարը իջեցնել նախաբունտային մակարդակին`կիլոգրամի դիմաց գանձել 4 դոլար, սակայն դրությունը չի փրկվի նաև դրանից. սոցիալական սրված այս վիճակում հագուստի առևտուրը համարյա կանգ է առել»: