Home / Հայաստան / Էրդողանի ելույթից հետո հարձակվել են նրա թիկնազորի մեքենայի վրա. կա մեկ զոհ

Էրդողանի ելույթից հետո հարձակվել են նրա թիկնազորի մեքենայի վրա. կա մեկ զոհ

Թուրքիայի Քաթամոնու շրջանում անհայտ անձանց կողմից իրագործված հարձակման հետևանքով մեկ ոստիկանության սպա զոհվել և ևս երկուսը վիրավորվել են չորեքշաբթի` անմիջապես Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական քարոզարշավի շրջանակներում անցկացված ելույթից հետո: Նշենք, որ ոստիկանական մեքենան Էրդողանի թիկնազորի մաս էր կազմում և ուղեկցում էր Էրդողանի այցը լուսաբանող լրագրողների ավտոբուսը:

Քասթամոնուի շրջանի իր աջակիցների հետ հանդիպումից հետո Էրդողանը ուղղաթիռով մեկնել է Ամասյա, վարչապետի հեռանալուց կարճ ժամանակ անց տեղի է ունեցել հարձակումը:

Վարչապետի ներկայացուցիչները հայտնել են CNN Türk TV-ին, որ մեկ ոստիկանության սպա է զոհվել և երկուսը վիրավորվել զինված խմբավորման և ոստիկանության սպաների միջև սկսված կարճ փոխհրաձգության հետևանքով:

Ավելի ուշ հեռուստաալիքներում հայտնվել են այն կադրերը, ինչպես է Էրդողանը ժամանում Ամասյա, որտեղ նրան դիմավորում են «Արդարություն և զարգացում» կուսակցության իր հազարավոր թիմակիցները:

Դեպքի վերաբերյալ մի քանի վարկածներ են շրջանառվում:

NTV հեռուստաալիքի հաղորդմամբ, նռնակ է նետվել ոստիկանության մեքենայի վրա, որի արդյունքում այն սկսել է այրվել:

Ականատեսներից մեկի խոսքով` ավտոբուսն ուղեկցող ոստիկանության մեքենան անմիջապես «կրակե գնդի» է վերածվել պայթյունից հետո: Թեև մամուլում հաղորդվում էր, որ պայթյունը հենց նռնակի հետևանք էր, կառավարության պաշտոնատար անձինք հայտնել են, որ պայթյունը  տեղի է ունեցել մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով:

Ավելի ուշ Ամասիայում Էրդողանը հանրահավաքի  ելույթի ժամանակ հարձակման մեջ մեղադրել էր անջատողական գրոհայիններին:

«Միայն այդ խավար ուղեղները, այդ ահաբեկիչները, այդ անջատողականներն էին ունակ անել նման բան, նրանք, ովքեր հասկանում են, որ հաջողության չեն կարող հասնել ընտրատուփի միջոցով»,-ասել է Էրդողանը:

Ելույթին ներկա գտնված անձինք նշում են, որ Էրդողանի մեկնաբանություններից կարելի էր եզրակացնել, որ հարձակման հետևում նա տեսնում է Քրդական բանվորական կուսակցությանը: