Home / Հայաստան / Ժողովուրդը ի վիճակի է ճիշտ կողմնորոշվել և չգնալ երրորդ ուժի հետևից. Դեմիրճյան

Ժողովուրդը ի վիճակի է ճիշտ կողմնորոշվել և չգնալ երրորդ ուժի հետևից. Դեմիրճյան

Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող Հայաստանի ժողովրդական կուսկացության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը «168 ժամ» պարբերականի հետ զրույցում խոսել է քաղաքական վերջին զարգացումների, մասնավորապես, Հայաստանում երրորդ ուժի ստեղծման հնարավորության մասին:

– ՀԱԿ-ում մտահոգություն չկա՞, որ իր նկատմամբ առաջացող դժգոհության արդյունքում իշխանությունները կարող են մի երրորդ ուժ ձևավորել, որը տեր կկանգնի այդ դժգոհող զանգվածներին ու ընդդիմադիր դաշտում դառնա Կոնգրեսի մրցակից: Չի բացառվում, որ այդ ուժը ձևավորվի նաև առանց իշխանությունների միջամտության:

– Նման փորձեր եղել են ու էլի կլինեն: Ակնհայտ է, որ եթե մարդիկ տեսնեն, որ ՀԱԿ-ը հետևողական չէ իր պայքարում, ապա կգնան այլ ուժերի հետևից: Եթե, իհարկե, այդպիսի ուժեր ձևավորվեն: Մենք տեսնում ենք, թե ինչպես են ոմանք փորձում ինքնահաստատվել` Կոնգրեսին վարկաբեկելու միջոցով, սակայն համոզված եմ, որ մեր ժողովուրդն ի վիճակի է ճիշտ կողմնորոշվել և տեսնել, թե ով է իրապես պայքարում այս ռեժիմի դեմ և ով է ունակ լուծել երկրի առաջ կանգնած խնդիրները:

– ՀԱԿ-ն իր սուր քննադատությունն ինչո՞ւ է ավելի շատ ուղղում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, և ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ: Եվ Քոչարյանին ուղղված քննադատությունները պատճառ են դառնում հայտարարությունների. թե ՀԱԿ-ն ու գործող իշխանությունները խնդիր ունեն, որ Քոչարյանը չվերադառնա քաղաքականություն:

– Նման խոսակցությունները որևէ հիմք չունեն: Գործող վարչախումբը նախորդի օրգանական շարունակությունն է, և երկուսն էլ պատասխանատու են երկրում ստեղծված այս վիճակի համար: Երկուսն էլ հանդիսացել են երկրում ձևավորված կրիմինալ, քրեաօլիգարխիկ համակարգի երաշխավորը: Իսկ ընդդիմության խնդիրն է երկիրն այս համակարգից ազատելը:

– Հավատո՞ւմ եք Մարտի 1-ը բացահայտելուն ուղղված Ս. Սարգսյանի հայտարարությանը:

-Այն, ինչ ասվեց Սերժ Սարգսյանի կողմից, առայժմ խոսքեր են, ժամանակը ցույց կտա: