Home / Հայաստան / «Տուն-տունիկ են խաղում». Իշխանությունը Կոնգրեսի ձևաչափով չի երկխոսի

«Տուն-տունիկ են խաղում». Իշխանությունը Կոնգրեսի ձևաչափով չի երկխոսի

«Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկած նորամուծությունը` բանախոսների ֆորմատով բանակցել, ծիծաղելի է և քննարկման ենթակա չէ», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ընդդիմություն-իշխանություն երկխոսության շուրջ, ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«Մեր օրակարգում պատվիրակություն կազմելու խնդիր չի դրվել: Յուրաքանչյուր քաղաքական թիմ ունի իր բարձրագույն մարմինները, երկխոսելու կամ բանակցելու համար կուսակցություններն ընտրել են այդ մոդելը: Նոր տերմինոլոգիա մտցնել` 5 հոգի մենք, 5 հոգի` դուք, որ լիազորություններով, ինչի համար: Մենք պատրաստ ենք ցանկացած քաղաքական ուժի հետ երկխոսելու, բայց այսպիսի միաբևեռացությունը, որ ՀԱԿ-ն է առաջադրում, քաղաքական դաշտում փորձում է այլ քաղաքական ուժերի նկատմամբ մոնոպոլիա ստեղծել»,- ասել է Սահակյանը:

«Ինչո՞ւ ենք մենք դատապարտված խոսել միայն արտահերթ ընտրությունների շուրջ, – հարց է բարձրացրել նա, – Չե՞նք կարող թոշակներից խոսել, սոցիալական վիճակից»:

Ըստ Սահակյանի` երկխոսություն արդեն կա, օրինակ, մամուլի ասուլիսների տեսքով:

«Բոլոր երեխաներն էլ մանկապարտեզի տարիքից տուն-տունիկ են խաղում` նոր են ընտանիք կազմում, էս մարդիկ դեռ տուն-տունիկ խաղալու վիճակում են, մենք էդ խաղը չենք ուզում խաղալ, մասնակից լինել: Ուզում են ՀՀԿ-ի հետ խոսել, խնդրեմ, թող դիմեն, ուզում են Սերժ Սարգսյանի հետ խոսել, թող դիմեն նախագահին»,- ասել է նա:

«Մենք ասում ենք ցիվիլ, դասական քաղաքականության սկզբունքներով եկեք, ինչ հարցի շուրջ ուզում եք` խոսենք: Իսկ արտահերթ ընտրություններ պահանջելով` ՀԱԿ-ն ընդամենը ուզում է հասարակության ուշադրությունը զգոն պահել, իր կողմն ուղղված պահել»,- հայտարարել է բանախոսը:

Սահակյանը նաև նշել է, որ ՀԱԿ-ի և իշխանությունների միջև որևէ հանդիպում, երկխոսություն տեղի չի ունեցել, իսկ լրագրողի այն հարցին, թե ում հետ է Սահակյանը պատրաստ նստել զրույցի, վերջինս ասել է.

«Ոչ մեկին չեմ տեսնում, ես նրանց բոլորին շատ վաղուց գիտեմ, եթե քաղաքական կշիռը հաշվի առնենք, ՀՀԿ-ն ոչ ոքի հետ չպետք է խոսի»: