Home / Հայաստան / Շերոն Սթոունը Թբիլիսիում ներկայացրել է ռուս-վրացական պատերազմի մասին ֆիլմը

Շերոն Սթոունը Թբիլիսիում ներկայացրել է ռուս-վրացական պատերազմի մասին ֆիլմը

Թբիլիսիում ցուցադրել են հոլիվուդյան «Օգոստոսի հինգ օրը» ֆիլմը, որը պատմում է 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայում տեղի ունեցած պատերազմի մասին: Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դերում հանդես է եկել հայտնի դերասան Էնդի Գարսիան:

Ֆիլմի շնորհանդեսից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կինոնկարի ամերիկացի ռեժիսոր Ռենի Հարլենը հայտարարել է, որ ֆիլմը չի կարելի հակառուսական կամ հակավրացական համարել: Կինոնկարի մասին կարճ մեկնաբանության մեջ ասվում է, որ այն ֆիլմ-դրամա է Վրաստանի և Ռուսաստանի միջև տեղի ունեցած պատերազմի մասին: Գլխավոր հերոսները ամերիկացի լրագրողն ու նրա օպերատորն են, ինչպես նաև վրացական ընտանիքները, որոնք պատերազմի կրակի տակ են հայտնվել:

Թբիլիսիում կայացած շնորհանդեսին ներկա է գտնվել նաև դերասանուհի Շերոն Սթոունը:

Սակայն ֆիլմը ոչ միանշանակ է ընդունվել վրացիների կողմից: Հոլիվուդյան ֆիլմի ցուցադրության դեմ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդիմադիրները: Մի քանի ցուցարարներ ձերբակալվել են խորհրդարանի շենքի մոտ: Ոստիկանները նրանցից խլել են հետևյալ բովանդակությամբ պաստառ. «Օգոստոսյան օրերը Սահակաշվիլիի համար տոն են, իսկ Վրաստանի համար` ողբերգություն»: