Home / Հայաստան / Ֆրանսիայի թեմը պարզաբանումներ է ներկայացրել Նիսի եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին

Ֆրանսիայի թեմը պարզաբանումներ է ներկայացրել Նիսի եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին

Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդարանը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է Նիսի Սուրբ Աստվածածին եղեկեցում պատարագի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին:

«Վշտով լցված ենք ի լուր այն գրգռություններին, որոնք Համբարձման տոնի օրը սուրբ պատարագի ընթացքում տեղի են ունեցել Նիսի Ս. Աստվածածին եկեղեցում:

Ծխական Խորհուրդի նախկին անդամը, շրջապատված 10-15 համակիրներով, որոշ հավատացյալների կրքերը բորբոքելու միտումով նեղություն տալու ճիգ են գործադրել, և իր համախոհներից մեկը մինչև անգամ փորձել է տեսախցիկով այդ տեսարանը նկարել, գուցե, փաստաթուղթ վերցնելու նպատակով։ Բարեբախտաբար, հավատացյալները արթուն են եղել և իրենց սառնարյունությունը չեն կորցրել։ Պատարագիչ հայր սուրբը, ի տես այս երևույթին, կարգի է հրավիրել` հորդորելով, որ աղոթական վիճակի մեջ մտնեն բոլորն էլ, այլապես պարտավորված է սուրբ պատարագը չշարունակելու։ Հակառակ իր սիրալիր հորդորներին, անհարգալից և արհամարհական վերաբերմունքով դիմավորեց իր խնդրանքը վերոհիշյալ անձի կողմից, և այդ պատճառով պատարագը ընդհատվել է շուրջ մեկ ժամով։

Կոչ ենք անում Նիսի Հայ Առաքելական Եկեղեցու զավակներին, որ շարունակեն մնալ կարգապահ և հավատարիմ հավատացյալներ, ներքին խռովությանը վերջ տան, իրենց խոհական կեցվածքով ու իմաստուն գործերով առավել նպաստեն մեր սուրբ եկեղեցու ներքին խաղաղությանը եւ բարեպաշտական միասնության։

Ավետարանական սիրո և եկեղեցական միասնության ճանապարհը միայն կկարողանա մեր եկեղեցու զավակներին առաջնորդել դեպի փրկություն և խաղաղություն»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ: