Home / Հայաստան / Բողոքող քաղաքացիների այցը նախագահական անարդյունք է եղել

Բողոքող քաղաքացիների այցը նախագահական անարդյունք է եղել

Հաաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ստում է, երբ ասում է` ժողովուրդը լավ է ապրում, ամեն ինչ լավ է: Այս ամենը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում  ասել է «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանը, ով մասնակցում էր ՀՀ կառավարության շենքի մոտ անցնող բողոքի ակցիային:

Հիշեցնենք, որ Ամիրյան փողոցի 4/14-ից մինչև 4/24 տներից վտարված բնակիչներին աջակցություն ցուցաբերող «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հ/կ նախագահ Վաչագան Հակոբյանն ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում պատմել էր, որ պետական կարիքների պատրվակով պատգամավոր Մելիք Գասպարյանը, ով երկու տարի առաջ մահացել է ավտովթարից, քաղաքապետարանից 4 տարի առաջ գնել էր տվյալ տարածքը և բավարար փոխհատուցում իրենց չէր վճարել:

Այսօր Հակոբյանը նշել է, որ իրենց կազմակերպության մի քանի անդամ, ինչպես նաև ՀՀ կառավարության մոտ ամեն հինգշաբթի բողոքող զոհված զինվորների մայրերը և օդաչուները, որոնց աշխատանքից ազատելուց հետո փոխհատուցում չեն վճարել, անցյալ շաբաթ հերթական անգամ գնացել են նախագահական նստավայր՝ Սերժ Սարգսյանին իրենց խնդիրները ներկայացնելու:

«Մեզնից պատվիրակություն մտավ, և, ինչպես միշտ, մեզ պատասխանեցին, որ հարցը կուղարկեն համապատասխան մարմիններին: Էստեղ հարցը նրանում է, որ Սերժ Սարգսյանը, ով կանգնում ա Ստրասբուրգում կամ շնորհավորում ա մեր Սահմանադրության օրը, սուտ-սուտ բաներ ա խոսում, դա չի համապատասխանում իրականությանը: Ամեն տեղ ասում ա, որ մենք լավ ենք, ամեն ինչ լավ ա: Ես հեսա պիտի խոսեմ նաև Հայ Ազգային Կոնգրեսի հետ, որ ոչ թե գնան, ասեն` արտահերթ ընտրություններ ենք պահանջում, այլ պետք ա ասել ուղղակի հեռացեք, ու ժողովուրդը էնքան կանգնի, մինչև սրանք գնան: Էս ա մնում: Էն որ ասում ա՝  թքում են անբարոյականի էրեսին, ասում ա անձրև ա գալիս, էսպես էլ էս իշխանություններն են: Ոչ մի բան չեն անում, մենակ ձևական հեռուստատեսությամբ ելույթներ են ունեում: Սուտ ա ասում երկրի նախագահը, և ինչքան շուտ մենք ազատվենք էս իշխանություններից, էնքան էս ժողովուրդը կսկսի լավ ապրել»,- մեզ հետ զրույցում պատմել է Հակոբյանը:

Նա հիշեցրել է նաև,  որ ժամանակին, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ է եղել, նա իրենց ընդունել է և հրապարակային կերպով  խոստացել է հարցին լուծում տալ: Այս այցն էլ առայժմ ոչ մի արդյունք չի տվել: