Home / Հայաստան / Կիկաբիձեն Դիլիջանում տեղադրված իր արձանը տեսել է միայն հեռուստացույցով

Կիկաբիձեն Դիլիջանում տեղադրված իր արձանը տեսել է միայն հեռուստացույցով

Օրերս հայտնի վրացի դերասան Վախթանգ Կիկաբիձեն իր տանը հյուրընկալել է «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին և լրագրող Տատյանա Ֆելգենհաուերին: Վերջինս հանդիպման առաջին րոպեներին շնորհավորել է դերասանին Դիլիջանում «Միմինո» հուշարձանի բացման կապակցությամբ և հարցրել` արդյոք Կիկաբիձեն եղել է Հայաստանում` հուշարձանի բացմանը:

«Ես այնտեղ չեմ եղել: Հեռուստացույցով եմ տեսել, որ Դիլիջանում հուշարձան են բացել, հայ քանդակագործներն են ստեղծել: Նրանք պնդում են, որ Դիլիջանում էնպիսի ջուր է գալիս, աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում, հենց այնտեղ էլ կառուցել են: Ասում են, որ կերպարների միջև ջուր է հոսում, իսկ նրանց հետևում է Լեոնովը, ահա այդպիսի ստեղծագործություն»,- պատմել է դերասանը:

Նա նաև նշել է, որ Վրաստանում նույնպես ցանկանում են նման մի հուշարձան տեղադրել. «Այստեղ մերոնք նույնպես ուզում են հուշարձան տեղադրել: Այդ հուշարձանը երկար պատմություն ունի: Մոտ 4 տարի առաջ ինձ զանգահարեցին Մոսկվայի Պետդումայից և ասացին, որ «Չիստիե Պրուդի»-ում ցանկանում են «Միմինոյի» կերպարների հուշարձանները տեղադրել: Իբր թե ազգերի բարեկամությունն էր խորհրդանշում` ռուսների, հայերի, վրացիների: Այնուհետև ղեկավարները նեղացան միմյանցից, ասացին, որ արդեն չեն տեղադրի հուշարձանը: Հետո մերոնք ասացին, թե միգուցե մեզ մո՞տ տեղադրենք: Բայց նրանք չթողեցին: Այնուհետև հայերն էին ուզում հուշարձանն էստեղ բերել: Ու հիմա, հանկարծ բերել են: Ես տեսել եմ, այդ հուշարձանները կանգնած են արհեստանոցում»,- պատմել է Վախթանգ Կիկաբիձեն

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Դիլիջանում տեղի է ունեցել «Միմինո» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից: Դիլիջանում այդ ֆիլմի հերոսներին նվիրված հուշարձանի բացման գաղափարը պատկանում է ՌԴ Վլադիմիրի երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչներին և ռուս բարերարներին, որոնց միջոցներով էլ կանգնեցվել է հուշարձանը: