Home / Հայաստան / Հայաստանում դելֆիններին խմելու ջրի մեջ են պահում. Փորձագետներն ահազանգում են

Հայաստանում դելֆիններին խմելու ջրի մեջ են պահում. Փորձագետներն ահազանգում են

«Դելֆինները տարիներ շարունակ ապրել են ազատության մեջ, այսօր բանտարկված են, և մեր երկիրը այն երկրների ցանկի մեջ, որ դեռ պահում է դելֆիններին անազատության մեջ»,- Երևանում գործող «Դելֆինարիումի» մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է «Թռչնասերների կենտրոնի» ղեկավար Սիլվա Ադամյանը: Ակցիան կայացել է «Թռչնասերների կենտրոն» և «Էկոդար» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ:

Սիլվա Ադամյանը տեղեկացրել է, որ իրենք արդեն 2 անգամ հայց են ներկայացրել դատարան, առաջինը մերժվել է, և հիմա սպասում են երկրորդ հայցի պատասխանին:

Ադամյանը տեղեկացրել է, որ  դելֆինների համար չափազանց վատ պայմաններ են ստեղծված, որովհետև դելֆինները սովոր են ապրելու աղի ջրի մեջ, իսկ այսօր  «Դելֆինարիումը» գործում է խմելու ջրով: «Ինչ-որ աղային մասնիկներ են այնտեղ ավելացնում, բայց մեր ջուրը, որ խմում ենք, գիտեք, քլորացված է, և խուսափել ջրի քլորացումից հնարավոր չի, իսկ դելֆինների մոտ շատ ավելի հասարակ պրոցես է սկսվում` ամիսների ընթացքում նրանք սկսում են ունենալ պրոբլեմներ ատամների, աչքերի ու մաշկի հետ, և այսօր մենք հնարավորություն չունենք ազատ մոնիտորինգ անցկացնել «Դելֆինարիումում»: Չենք հասկանում` ինչու ադմինիստրացիան թույլ չի տալիս մեզ մոնիտորինգ անցկացնել»,- ասել է Ադամյանը:

Ակցիայի մասնակիցներ պատրաստել էին տարբեր բովանդակությամբ պաստառներ` «Մի’ բանտարկեք դելֆիններին», «Խնայեք դելֆիններին», «Կենդանիները պետք է ապրեն բնական միջավայրում»:

Նշենք նաև, որ հարակից շենքերի որոշ բնակիչներ էլ դժգոհեցին, որ նման ակցիաներ են անցկացվում, քանի որ իրենց դուր է գալիս որ «Դելֆինարիումը» գործում է, և իրենց երեխաները կարողանում են ուրախանալ` նրանց տեսնելով: