Home / Հայաստան / Լոնդոնում անհանգստությունների ալիքը տարածվում է

Լոնդոնում անհանգստությունների ալիքը տարածվում է

Կիրակի երեկոյան անհանգստությունների նոր ալիք է բարձրացել Լոնդոնի հյուսիսում, այս անգամ` Էնֆիլդ շրջանում, որը գտնվում է Տոտենհեմի հարևանությամբ, որտեղ սկիզբ է առել բողոքի ալիքը:

Էնֆիլդի փողոցներում կիրակի երեկոյան բախումներ են տեղի ունեցել տեղի բնակիչների և ոստիկանական ուժերի միջև: Մոտ 200 երիտասարդներ սկսել են ջարդել խանութների ապակիները և վնասել են ոստիկանական մեքենա:

«Շուրջբոլորը բազմաթիվ մարդիկ են: Սրանք զանգվածային անկարգություններ չեն, այլ լուրջ անհանգստություններ», – այսպես է իրավիճակն իր Twitter-ում բնութագրել խորհրդարանի տեղի պատգամովոր Նիկ դե Բուան:

Անհանգստությունները սկիզբ են առել շաբաթ ուշ երեկոյան Լոնդոնի Տոտենհեմ շրջանում, որտեղ հինգշաբթի ոստիկանը կրակել էր տեղի բնակչի վրա: 29-ամյա Մարկ Դագանը սպանվել էր ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: Ոստիկաններից մեկը վնասվածք էր ստացել:

Շաբաթ երեկոյան մոտ 300 մարդ հավաքվել էր Տոտենհեմի գլխավոր փողոցներից մեկի վրա գտնվող ոստիկակական բաժանմունքի մոտ` պահանջելով վերականգնել արդարությունը:

Ոստիկանության տվյալներով` բողոքի ակցիայի մասնակիցները պայթուցիկ հեղուկ պարունակող շշեր են նետել ոստիկանական մեքենաների ուղղությամբ, որի հետևանքով երկու մեքենա հրդեհվել է: Ավելի ուշ ակցիայի մասնակիցները հրդեհել են երկհարկանի ավտոբուս և սկսել են ջարդուփշուր անել խանութների ցուցափեղկերը: