Home / Հայաստան / Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. մատուցողները պաշտպանեցին ընկերոջը

Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. մատուցողները պաշտպանեցին ընկերոջը

Կիրակի երեկոյան` ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Օպերայի շենքի հարակից տարածքում գտնվող «Մեղեդի» սրճարանում խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել: Ինչպես հաղորդել է Epress.am-ի թղթակիցը դեպքի վայրից, սրճարանի մատուցողները (այստեղ միայն տղամարդիկ են աշխատում) հարձակվել են 18-22 տարեկան երիտասարդների վրա, երբ վերջիններս պատրաստվում էին լքել սեղանը:

Epress.am-ի թղթակիցը ծեծկռտուքին հետևել է այն պահից, երբ մատուցողը հաճախորդի վրա աթոռ է նետել, իսկ հաճախորդներից մի տղա էլ փորձել է հարձակվել նրա վրա, սակայն օգնության հասած մեկ այլ մատուցող, բռունցքի մի քանի հարված հասցնելով երիտասարդին, փրկել է գործընկերոջը: Դրանից հետո «Մեղեդիի» բոլոր մատուցողներն անխտիր հավաքվել են սեղանի մոտ և սկսել են հարձակվել հաճախորդների վրա: Վերջիններս անմիջապես փախուստի են դիմել: Մատուցողները նրանց հետևից են վազել մինչև Մաշտոցի պողոտա և խփել նրանց` ում հնարավոր էր հասնել: Սակայն, նկատելով իրարանցումը, սրճարանի հաճախորդների դժգոհությունը, ինչպես նաև անցորդների և ոստիկանների կուտակումները, մատուցողները հանդարտվել են, իսկ 5 երիտասադներին հաջողվել է փախուստի դիմել:

Դեպքի վայր են սկսել ժամանել ոստիկաններ և կարմիր բերետավորներ: Մատուցողները ներողություն են խնդրել հաճախորդներից և հավաքել ծեծկռտուքի հետևանքով գետնին թափված բեկորները: Մատուցողներից մեկը, ով խնդրել է չհիշատակել իր անունը, ասել է, որ հաճախորդները սրճարանում գտնվելու ընթացքում ծաղրել են նրա գործընկերոջը:

«Հասկանում ես, Հայաստանում, եթե աշխատում ես սպասարկման ոլորտում, մարդիկ կարծում են, որ երկրորդ սորտի մարդ ես: Հիմա էլ, նրանք կատակներ էին բաց թողնում, «արա»-ով էին դիմում, իսկ երբ բարձրանում էին սեղանից, նա զգուշացրեց, որ իրենց նման բան թույլ չտան: Նրան հայհոյեցին ու հրեցին: Այդ ժամանակ մեկ այլ մատուցող նրանց վրա աթոռ նետեց, ու ծեծկռտուք սկսվեց: Նրանք մտածում են, որ եթե տղան աշխատում է սրճարանում, ուրեմն խլյուպիկ է և չի կարող իրեն պաշտպանել: Նման բան հաճախ է լինում, և մենք սարի պես կանգնած ենք իրար մեջքին», – պատմել է «Մեղեդիի» մատուցողներից մեկը, ով ծեծկռտուքի ակտիվ մասնակիցներից չէր:

Ոստիկանության աշխատակիցները զրուցում էին սրճարանի մենեջերների հետ, ովքեր, թվում էր, ծանոթ էին վերջիններիս հետ: Մատուցողները վերադարձան իրենց աշխատանքին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հրաժարվում էին մեկնաբանություններից:

Երկուշաբթի Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը Epress.am-ին հայտնել է, որ օգոստոսի 7-ին ոստիկանական բաժին բերման է ենթարկվել Ալբերտ Շ.-ն, ինչպես նաև բաժին է հրավիրվել Էրիկ Օ.-ն:

«Նույն օրը` ժամը 21.40-ի սահմաններում, Օպերայի և բալետի շենքի հարակից տարածքում` «Մեղեդի» սրճարանում վիճաբանության ժամանակ Ալբերտ Շ.-ն ծեծել է Էրիկ Օ.-ին` շրթունքի հատվածում վնասվածք հասցնելով: Նշանաված է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն», – ասել է Մալխասյանը:

Epress.am-ին հաջողվել է պարզել, որ Էրիկ Օ.-ն «Մեղեդիի» մատուցողն է, իսկ Ալբերտ Շ.-ն` սրճարանի հաճախորդը: