Գլխավոր / Հայաստան / «Կյանքի տոն» ՆՓԱԿ-ում` նվիրված Դավիթ Կարեյանի հիշատակին (ՖՈՏՈՇԱՐՔ)

«Կյանքի տոն» ՆՓԱԿ-ում` նվիրված Դավիթ Կարեյանի հիշատակին (ՖՈՏՈՇԱՐՔ)

Սեպտեմբերի 2-ին Նորարար Փորձարարական Արվեստի Կենտրոնում կբացվի արվեստագետ Դավիթ Կարեյանի` «Կյանքի տոն» խորագրով հետահայաց ցուցահանդեսը: Այս մասին այսօր հայտնել է ցուցադրության համադրող Սոնյա Պալասանյանը:

Պալասանյանի խոսքով` ցուցահանդեսին ներկայացվելու են Կարեյանի` 17 տարվա ընթացքում ստեղծած աշխատանքները:

«Չորս տարբեր բնույթի աշխատանքներ են ներկայացված. առաջին մասը Կարեյանի երիտասարդական տարիքի աշխատանքներն են, երբ նա ակտիվիստ էր, ով ցանկանում էր ինչ-որ բան փոխել արվեստի ասպարեզում: Դավիթի արվեստի երկրորդ շրջանը նրա վիդեոաարթն է, փերֆորմինգները, ինստալիացիաները, որոնք շատ մեծ ազդեցություն են թողնում այսօրվա երիտասարդ նկարիչների վրա»,- ներկայացրել է համադրողը:

ՆՓԱԿ-ի մեծ ցուցասրահում ներկայացված է Կարեյանի վերջին, ամենամեծ` մարդու իրավունքների, հողի, պատերազմի մասին պատմող վիդեոարթը, որը 2003 թվականին ներկայացվել է Վենետիկի Բիենալեում և որին անդրադարձել է հեղինակավոր The New York Times պարբերականը:

Արվեստագետ Արման Գրիգորյանը, ներկայացնելով Կարեյանի արվեստը, կարևորել է նրա գործերում գրականության և արվեստի զուգահեռները:

«70-ականների հայ գրականությունը եղել է մաքուր ստեղծագործություն ստեղծելու շրջան, և Դավիթն էլ իր այդ շրջանը համարում է մաքուր ստեղծագործություն. ունի գրված տեքստեր մաքուր ստեղծագորության մասին, ելույթներ էր ունենում` բացատրելու` ինչ է ինքը հասկանում` մաքուր ստեղծագործություն ասելով»,-ասել է արվեստագետը:

Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը, իր հերթին, կարևորել է ցուցահանդեսի խորագիրը` «Կյանքի տոն», և նշել, որ թեև չի եղել ներքին պայմանավորվածություն` չխոսել Դավիթ Կարեյանի չլինելու մասին, բոլորը, իրարից անկախ, խոսում են Կարեյանի լինելու մասին:

«Կարեյանն  կյանքի այդ կարճ ժամանակաշրջանում կարողացավ իր կյանքի և իր ստեղծագործության միջոցով անցկացնել Հայաստանի անկախության 20-ամյա պատմությունը»,- ասել է արվեստաբանը:

Դավիթ Կարեյանը մահացել է 2011թ. հունվարի 3-ին ավտովթարի հետևանքով:

Tekali Taxi