Home / Հայաստան / ԱՄՆ դեսպանը Հայաստանում «գունավոր հեղափոխության» տարբերակ չէր տեսնում

ԱՄՆ դեսպանը Հայաստանում «գունավոր հեղափոխության» տարբերակ չէր տեսնում

Ուժային միջոցներով ընդդիմության հանրահավաքը ցրելուց մեկ տարի անց Հայաստանը, անկասկած, «Նռան հեղափոխության» եզրին չէ: Այս մասին 2005 թվականի ապրիլի 13-ին ԱՄՆ Պետդեպ ուղարկված փաստաթղթում գրում է ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը:

«Պառակտված ընդդիմության, ընդդիմության հստակ առաջնորդի բացակայության, աստիճանաբար զարգացող տնտեսության և ընդամենը մի քանի մեղքեր ունեցող կառավարության պայմաններում մենք Հայաստանում իշխանափոխություն չենք ակնկալում մինչև հաջորդ 2007 և 2008 թվականի ընտրությունները», – նշում է Էվանսը:

Էվանսը մեջբերում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը Հայաստանում հեղափոխության իրականացման հեռանկարների մասին:

Քոչարյանը նշել է, որ Հայաստանում հեղափոխության համար անհրաժեշտ իրավիճակ չկա` «անկախ նրանից, թե այն ինչ գույնի է»: Ապրիլի 11-ին խոսելով ուսանողների հետ` Քոչարյանն ընդգծել է այն փաստը, որ հեղափոխություն տեղի չունեցավ ոչ այն պատճառով, որ ընդդիմությունը չափազանց վատն էր, այլ որովհետև իրավիճակը Հայաստանում ավելի լավն է, քան Վրաստանում, Ուկրաինայում կամ Ղրղզստանում, և պետական մարմինները ավելի արդյունավետ են գործում:

«Ընդդիմության պոտենցիալ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը մեզ հետ մասնավոր զրույցում ընդունել է, որ մինչև կառավարությունը չսայթաքի և իր հակառակորդներին հնարավորություն չտրամադրի, ընդդիմությունը ստիպված կլինի սպասել մինչև հաջորդ ընտրություններ: Դեմիրճյանը հույս ուներ, որ եթե Հայաստանի կառավարության հետ հաջողվի համաձայնության գալ Սահմանադրության կամ ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու հարցի շուրջ, ընդդիմությունը կարող է առաջիկա հանրաքվեն վերածել Քոչարյանի «լեգիտիմության» վերաբերյալ հանրաքվեի:

Չնայած հնարավոր «նռան հեղափոխության»  մասին անդադար քննարկումներին, մենք Հայաստանում իշխանափոխության համար շատ քիչ հնարավորությու ենք տեսնում», – եզրափակում է Էվանսը: