Home / Հայաստան / Գարեգին Բ-ն Ռուսաստանի ազդեցության տակ է. Վրաց պատրիարք

Գարեգին Բ-ն Ռուսաստանի ազդեցության տակ է. Վրաց պատրիարք

Wikileaks կայքի կողմից գաղտնազերծված փաստաթղթերից մեկում ներկայացվում է Վրաց պատրիարք Իլիա Երկրորդի և այն ժամանակ (2005-2009 թվականներին) Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտայի հանդիպումը:

«Իլիա Երկրորդը հայտնել է դեսպանին, որ Ռուսաստանի պատրիարք Ալեքսիյ Երկրորդի հուղարկավորության արարողության ժամանակ հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Նրա խոսքով` հանդիպման ժամանակ Գարեգին Երկրորդը Վրաստանում գտնվող Նորաշեն եկեղեցու հարցն է բարձրացրել և պահանջել է հնարավորինս սեղմ ժամկետներում կարգավորել խնդիրը: Իլիա Երկրորդի խոսքով` Գարեգինն անհամբեր է, նա ցանկանում էր, որ Վրաց Պատրիարքը նրան անմիջապես հրավիրեր Թբիլիսի և փոխանցեր Նորաշեն եկեղեցին: Ի պաստախան նրա պահանջներին` Իլիա Երկրորդն առաջարկել է գիտնականներից բաղկացած հանձնաժողով ստեղծել, սակայն, Վրաց պատրիարքի խոսքով, վերջինս հրաժարվել է այդ գաղափարից: Նրա կարծիքով` Հայոց կաթողիկոսը կարծում է, որ այս հարցում որոշումներն Իլիան միանձնյա է կայացնում»,- ասված է փաստաթղթում:

Փաստաթղթում նշվում է նաև, որ Նորաշեն եկեղեցու խնդրի լուծման ամենախելամիտ տարբերակը Իլիա Երկրորդը համարում է այն թանգարանի վերածելը:

«Իլիա երկրորդի խոսքով` Հայոց կաթողիկոսը փորձում է խնդիրն ավելի սրել իր հետևորդների շրջանում: Նա նաև ասել է դեսպանին, որ Գարեգին Երկրորդի անհամբերությունը պայմանավորված է Ռուսաստանի ազդեցությամբ, քանի որ նրա եղբայրը Մոսկվայում եպիսկոպոս է: Նրա հայտարարության համաձայն` եկեղեցու հարցի առնչությամբ նա նախընտրում է Գարեգին Բ-ի նախորդի դիրքորոշումը, քանի որ նախկին կաթողիկոսը չէր սրի իրավիճակը մեկ կամ երկու եկեղեցիների պատճառով»,- ասված է փաստաթղթում: