Home / Հայաստան / Աննախադեպ որոշում. Ուրուգվայը մտադիր է ճանաչե՞լ Ղարաբաղի անկախությունը

Աննախադեպ որոշում. Ուրուգվայը մտադիր է ճանաչե՞լ Ղարաբաղի անկախությունը

Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ այսօր անակնկալ հայտարարությամբ է հանդես եկել Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն։ Նա ելույթ է ունեցել այդ երկրի խորհրդարանում՝ Հայաստան-Ուրուգվայ հարաբերություններին նվիրված համաժողովի ժամանակ։

«Այսօր մենք ուսումնասիրում ենք հարցը` պետականորեն տեսակետ հայտնելու համար, սակայն ես անձամբ համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մաս է կազմում և պետք է լինի անկախ կամ կարճ ժամանակում կցվի Հայաստանին: Սա է Արցախյան խնդրի միակ լուծումը»,- ասել է նա:

Ինչպես հաղորդում է ՀՅԴ մամլո դիվանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ով համաժողովի ընթացքում ներկայացնում է Հայաստանի խորհրդարանը, այս հայտարարությունն աննախադեպ է որակել:

«Առաջին անգամ առաջադեմ ու ժողովրդավար երկիր, ինչպիսին Ուրուգվայն է, պաշտոնապես հայտնում է մի տեսակետ, որը վկայում է իշխող քաղաքական ուժերի դիրքորոշման մասին: Սակայն Ուրուգվայը ժողովրդավար երկիր է, եւ այս հայտարարությունը դեռեւս պետք է քննարկվի, իսկ դա որոշ ժամանակ ու աշխատանք կպահանջի»,- ասել է Վահան Հովհաննիսյանը: