Home / Հայաստան / «Ինչի՞ պիտի լրագրողը շատ գրագետ լինի». քննարկում ԶԼՄ-ների մասին

«Ինչի՞ պիտի լրագրողը շատ գրագետ լինի». քննարկում ԶԼՄ-ների մասին

Մամուլի ազգային ակումբն ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետ համատեղ այսօր հրավիրել էր քաղաքական քննարկում «ԶԼՄ-ները և նրանց ազդեցությունը Հայաստանի հասարակական-քաղաքական զարգացումների վրա» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ Հովհաննես  Սահակյանը (ՀՀԿ), Անահիտ Բախշյանը (Ժառանգություն), Ռուզան Առաքելյանը (ՀՅԴ), Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ), «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը (լուսանկարում) և ԵՊՀ Կիրառական սոցիոլագիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը:

Քննարկմանը ներկա պատգամավորները բոլորն էլ նշեցին, որ հատկապես ընտրություններից առաջ շատ կարևոր  է լրագրողների անաչառությունը, քանի որ նրանց լրատվության շնորհիվ է հիմնականում հասարակությունը ձևավորում իր կարծիքը: Արթուր Աթանեսյանը, խոսելով բոլոր ԶԼՄ-ների մասին, ասել է, որ նրանք պետք է լինեն չորրորդ իշխանություն, ու թեև Հայաստանում ԶԼՄ-ները հավակնում են լինել այդպիսին, բայց դեռևս մաքառման մեջ են, քանի որ իշխանություններն ավելի ուժեղ են այս հարցում:

Աթանեսյանը նշել է, որ հեռուստատեսության վարկանիշը մեր երկրում շատ ցածր է: Ներկայացնելով ուսումնասիրությունների արդյունքները` նա ասել է, որ հեռուստատեսության վարկանիշն ընկած է հատկապես հաղորդումների կրկնօրինակումների և հատկապես սերիալների պատճառով` որակելով այս երևույթը խայտառակություն:

Աթանեսյանի խոսքով` մեր երկրում մամուլն ավելի ազատական է, քան հեռուստատեսությունը, իսկ ամենապոպուլյար միջոցը ինտերնետն է, այդ թվում` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, իսկ ահա ռադիոյի հետ լուրջ խնդիրներ կան:

«Ազգային ռադիոն սարսափելի վիճակում է: Այն իր ծածկույթով ամբողջությամբ չի տարածվում Հայաստանում:  Արցախում այն ընդհանրապես չի գործում: Եվ որքան հեռանում ենք Երևանից, այնքան սկսում են լսելի դառնալ թուրքական հաճախականությունները, իսկ Արցախում` ադրբեջանական», – ասել է Աթանեսյանը` հավելելով, որ սա նույնիսկ վտանագվոր է մեր ազգային անվտանգության տեսանկյունից:

Արմինե Օհանյանը, իր հերթին, նշել է, որ լրագրողների աշխատանքը շատ է խոչընդոտվում իշխանությունների կողմից: Անդրադառնալով վերջերս ձևավորված ԶԼՄ-ներին դատի տալու ավանդույթի մասին` նա ասել է, որ «այս աբսուրդային վիճակում շատ դժվար է աշխատելը»:

«Իսկ երբ ասում եք` լրագրողները գրագետ չեն… Իսկ ո՞վ է ասել, որ լրագրողը պիտի շատ գրագետ լինի, երբ որ մեր երկրում բոլոր ինստիտուտները նույն վիճակում են… ինչի՞ պիտի լրագրողը շատ գրագետ լինի: Սակայն  ասեմ, որ մեր լրագրողական համայնքը շատ ավելի գրագետ է, քան մեր օրենսդիր մարմինը, և ավելի պարկեշտ` քան գործադիր մարմինը», – ասել է Օհանյանը:

Նշենք նաև, որ պատգամավորական խմբակցություններից այս քննարկմանը չկար մասնակից միայն ԲՀԿ խմբակցությունից: «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը և «Երկիր» օրաթերթի խմբագիր Բագրատ Եսայանը, որոնց անունները նախապես առկա էին քննարկման մասնակիցների ցանկում, միջոցառմանը նույնպես չմասնակցեցին:

Լուսանկարը` media.am-ից