Home / Հայաստան / Արազ Օզբիլիսը մեկնելու է Դուբլին Հայաստանի հավաքականին աջակցելու համար

Արազ Օզբիլիսը մեկնելու է Դուբլին Հայաստանի հավաքականին աջակցելու համար

Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Արազ Օզբիլիսը, ով մեկ շաբաթ առաջ ստացավ Հայաստանի քաղաքացիություն և համաձայնեց խաղալ Հայաստանի հավաքականի կազմում, վաղը մեկնելու է Դուբլին աջակցելու մեր թիմին Եվրո-2012-ի Իռլանդիա-Հայաստան խաղում: Այս մասին հաղորդում է Epress.am-ի թղթակիցը Դուբլինից:

Նախորդ շաբաթ Օզբիլիսը Երևանում հայտարարել էր, որ չի մասնակցի հանդիպմանը վնասվածքի պատճառով: Երևանից նա մեկնել էր Ամստերդամ, իսկ այժմ պատրաստվում է ժամանել Դուբլին թիմի հետ լինելու համար:

Ավելի վաղ մենք հայտնել էինք, որ Երևանի ժամանակով 15:20-ի սահմաններում Հայաստանի հավաքականի ինքնաթիռը վայրէջք էր կատարել Դուբլինի օդանավակայանում: Մեր թիմին դիմավորել են մի խումբ հայրենակիցներ: Նրանք նշել են, որ Իռլանդիայի մայրաքաղաքում մոտ 180 հայ է ապրում, և նրանք բոլորն էլ պատրաստվում են վաղը «Ավիվա» ստադիոնում աջակցել Հայաստանի ընտրանուն: Մեր հավաքականի մարզումը կկայանա այսօր` Դուբլինի ժամանակով ժամը 18:30-ին:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի կազմում բացակայելու է Ռոբերտ Արզումանյանը, ով այդպես էլ չհասցրեց ապաքինվել վնասվածքից: