Home / Հայաստան / Հայաաստանում աշխատանքային խումբ են ստեղծել բանակում հանցավորության մակարդակի նվազեցման նպատակով

Հայաաստանում աշխատանքային խումբ են ստեղծել բանակում հանցավորության մակարդակի նվազեցման նպատակով

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 10-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ: ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանն առնչվող հարցեր:

«Հանդիպման արդյունքում պաշտպանության նախարարի և զինվորական դատախազի միջև համաձայնություն է ձեռք բերվել զինված ուժերում կարգապահության խթանման, հանցավորության մակարդակի նվազեցման, հանցագործությունների կանխարգելման և պատասխանատվության խստացման նպատակով համատեղ հրամանով ստեղծել աշխատանքային խումբ, որը կվերանայի զինված ուժերի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը և առաջարկություններ կմշակի դրանցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ», – ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպման ժամանակ նաև շեշտվել է ՀՀ քրեական օրենսգրքում համապատասխան հանցակազմերի համար պատժաչափերի խստացման և դրա արդյունքում ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնադրության, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի և այլ իրավական ակտերի դրույթների վերանայման անհրաժեշտությունը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել փորձագիտական ակտիվ օժանդակություն ցուցաբերել աշխատանքային խմբի գործունեությանը: