Home / Հայաստան / ԵԽ-ի պատգամավորը եկել է Հայաստան խրախուսելու համագործակցությունը

ԵԽ-ի պատգամավորը եկել է Հայաստան խրախուսելու համագործակցությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոնեստի համանախագահ Քրիստիան Վիգենինին:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այցը կնպաստի Հայաստան-ԵՄ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը:

Անդրադառնալով Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ երկրների և ԵՄ արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի՝ Եվրոնեստի գործունեությանը, զրուցակիցներն այն համարել են մասնակից երկրների միջև փոխըմբռնման ու երկխոսության խթանման, կապերի սերտացման և համագործակցության օգտակար հարթակ:

Քրիստիան Վիգենինը նշել է, որ խորհրդարանականների միջև փոխգործակցության արդյունքներն արդեն տեսանելի են, և իր այցը նպատակ ունի նաև խրախուսել այդ գործակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ևս: Ընդգծելով, որ Եվրոպական միության հետ մեր երկրի հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեհամակարգի վրա, Սերժ Սարգսյանը նշել է, որ երկրում իրականացվող բարեփոխումներն առանցքային նշանակություն ունեն ԵՄ-ի ու Միության անդամ պետությունների հետ Հայաստանի համագործակցության զարգացման ճանապարհին: