Home / Հայաստան / Հայաստանը պարտվեց և զրկեց Ադրբեջանին ոսկուց (թարմացված)

Հայաստանը պարտվեց և զրկեց Ադրբեջանին ոսկուց (թարմացված)

21:30 Հունաստանի Պորտո Կառաս քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում լավագույնը 15 միավորով Գերմանիայի ընտրանին է: Արծաթե մեդալների արժանացավ Ադրբեջանը, որը վաստակեց 14 միավոր: 13 միավոր վաստակեցին Հունգարիան, Հայաստանը և Ռուսաստանը: Լավագույն լրացուցիչ ցուցանիշի շնորհիվ բրոնզե մեդալները նվաճեցին հունգարացիները, իսկ Հայաստանը հանգրվանեց 4-րդ տեղում:

20:14 Հայաստանը պարտվեց Գերմանիային` 2.5:1.5: Գաբրիել Սարգսյանը և Յան Գուստաֆսոնը 77-րդ քայլում ավարտեցին պարտիան ոչ-ոքիով: Այսպիսով, Գերմանիան դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Ադրբեջանը, որը Գերմանիա-Հայաստան մրցավեճում ոչ-ոքիի դեպքում կնվաճեր ոսկին, երկրորդն է:

19:20 Երկրորդ տախտակին հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը 52-րդ քայլում պարտվեց Գեորգ Մեյերին:

18:55 Վուգար Գաշիմովը հաղթեց Միրչա Պալրիգրասին: Ադրբեջանը պարտության մատնեց մրցակցին ընդհանուր 3:1 հաշվով:

18:40 Սերգեյ Մովսիսյան-Գեորգ Մեյեր, Գաբրիել Սարգսյան – Յան Գուստաֆսոն պարտիաները շարունակվում են:

17:40 Ադրբեջան-Ռումինիա խաղում ևս մեկ պարտիա ավարտվեց: Ռաջաբովը ոչ-ոքի խաղաց Լուպուլեսկուի հետ: Այժմ հաշիվն է 2:1 հօգուտ Ադրբեջանի:  Շարունակվում է միայն Պալրիգրաս-Գաշիմով պարտիան: Եթե ադրբեջանցի շախմատիստին չհաջողվի հաղթել, ապա Հայաստանը չեմպիոնի կոչումը կնվաճի անգամ ոչ-ոքիի դեպքում:

17:30 Վլադիմիր Հակոբյանը երրորդ տախտակին սևերով իր պարտիան ոչ-ոքի ավարտեց Դանիել Ֆրիդմանի հետ, իսկ Ադրբեջան Ռումինիա մրցավեճում Շահրիյար Մամեդյարովը պարտության մատնեց Լեվենտե Վայդային:

16:30 Հայաստանցիների մյուս պարտիաներում դեռևս հավասարություն է: Ադրբեջան-Ռումինիա հանդիպման մեկ պարտիա ավարտվեց: 4-րդ տախտակին ռումինացի Միխաիլ Միխալին ոչ-ոքի խաղաց Գադիր Գուսեյնովի հետ:

16:15 Հունաստանում անցնող Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրի Հայաստան-Գերմանիա հանդիպման մեկ պարտիան ավարտվեց:

Առաջին տախտակին սևերով հանդես եկող Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Արկադի Նայդիչի հետ:

Մյուս պարտիաները շարունակվում են:

Նշենք, որ հանդիպման հաղթողը նվաճում է չեմպիոնի կոչումը: Ոչ-ոքիի դեպքում Ադրբեջանի հավաքականը հնարավորություն է ստանում պայքարելու ոսկե մեդալների համար: