Home / Հայաստան / Հայերի բացակայությունը մտահոգել է Բաքու այցելած հայտնի գրողին (ՖՈՏՈՇԱՐՔ)

Հայերի բացակայությունը մտահոգել է Բաքու այցելած հայտնի գրողին (ՖՈՏՈՇԱՐՔ)

Ազգությամբ վրացի, ռուսաստանյան գրող Բորիս Ակունինը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի իր բլոգում պատմել է Ադրբեջան կատարած իր այցի և երկրից ստացած «մակերեսային» տպավորությունների մասին: Հեղինակը Բաքու էր ժամանել իր գրքերի հայտնի հերոս Էրնստ Ֆանդորինի համար նոր արկածներ գտնելու նպատակով: Բացի գրքի համար նյութ փնտրելուց, հեղինակն իր համար բացահայտել է նոր Բաքուն, որն, ինչպես ինքն է նշում, մոխրոտիկից վերածվել է պարահանդես շտապող զուգված աղջկա:

«Հին Բաքուն, այսինքն այն, ինչ դրանից մնացել է, զգուշորեն պահածոյացվում է (ոչ մի դեպքում չեն «վերականգնում» և առավել ևս` չեն «վերակառուցում»), սակայն քաղաքում արևելյան մթնոլորտից գրեթե ոչինչ չի  մնացել: Կարճ ասած, եկել էի մոխրոտիկի մոտ հյուր, իսկ նա պարահանդես էր գնացել և այլևս չի վերադառնա: Չէ, իհարկե, ես շատ ուրախ եմ: Աստված տա, երջանիկ լինի»:

Սակայն Ակունինը ցավով փաստում է, որ նոր Բաքվում բացակայում են հայերը, որոնք այստեղ ժամանակին մեծ թիվ էին կազմում:

«Տատանվում էի` արդյոք պետք է այս մասին գրել, բայց այս հարցի կողքով լուռ անցնել չի ստացվում: Ես Բաքու ժամանեցի Էրնստ Ֆանդորինի համար, ինձ այլ ժամանակներ էին հետաքրքրում, և, առհասարակ, ես անտակտ հարցեր չեմ սիրում տալ, բայց ամեն դեպքում շատ էի ուզում իմանալ` ինչպես են ադրբեջանցիները վերաբերում հայերի բացակայությանը, որոնք այստեղ ժամանակին մեծ թիվ էին կազմում, իսկ այժմ չկան և կյանքի այս տոնին չեն մասնակցում: Ինձ պատասխանում էին, որ նույն կերպ ես Ղարաբաղում չեմ գտնի որևէ ադրբեջանցու: Ակնհայտ երևում է ծանր հետվնասվածքային սինդրոմը` բոլոր համապատասխան ախտանիշներով: Միաժամանակ շատերն ասում են, որ հարաբերություններ են պաշտպանում արտագաղթած ընկերների հետ` մեյլով և սկայպով: Այս ամենը շատ տխուր է: Վախենամ, որ 100 տարուց շուտ այս վերքերը չբուժվեն»:

 Լուսանկարներ` Ակունինի բլոգից