Home / Հայաստան / Պրեմիերա Թուրքիայում. հայերը` թուրք-քրդական հակամարտության մասին ֆիլմում

Պրեմիերա Թուրքիայում. հայերը` թուրք-քրդական հակամարտության մասին ֆիլմում

Այսօր թուրք ռեժիսոր Օզքան Ալփերի «Ապագան հավերժական է» (Gelecek Uzun Surer) ֆիլմը էկրաններ է բարձրանում Թուրքիայում:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի ֆիլմերի փառատոնի ընթացքում` «Համաշխարհային ժամանակակից կինո» անվանակարգում:

Ֆիլմի գլխավոր դերակատարներից է Թուրքիայում հրատարակվող երկլեզու «Ագոս» շաբաթաթերթի հայկական էջերի խմբագիր Սարգիս Սերոբյանը: Որպես ռեժիսորի օգնական է հանդես եկել «Ագոս»-ի գլխավոր խմբագիր, 2007 թվականին սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի զարմուհի Լյուսին Դինքը, իսկ Դինքի փոքր դուստրը`Սերան, զբաղվել է ֆիլմի գրաֆիկական ձևավորմամբ: Ի դեպ ֆիլմը թուրք-գերմանական և ֆրանսիական համագործակցության արդյունք է:

Ֆիլմը նկարահանվել է Թուրքիայի տարբեր հատվածներում` այդ թվում` Ստամբուլում, Դիարբեքիրում, Վանում և հարավարևելյան քրդերով բնակեցված  Հակարի շրջանում:

Ֆիլմում ադրադարձ է կատարում թուրք-քրդական էթնիկ հակամարտությանը: Այն պատմում է երիտասարդ էթնիկ երաժշտագետ Սումրուի մասին, ով հեռանում է Ստամբուլից իր դոկտորական աշխատանքի համար հետազոտություն անցկացնելու նպատակով, ինչն արդյունքում վերածվում է երկար ճանապարհորդության: Դիարբեքիրում անցկացրած երեք ամիսների ընթացքում նա տեղեկանում է երկրում առկա «չհայտարարված պատերազմի մասին»: Նշենք, որ ֆիլմում խոսվում է նաև Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու մասին, որը օրեր առաջ է օծվել և վերաբացվել:

Կինոնկարի ցուցապաստառի վրա ասվում է. «Երբ մի օր պատերազմն ավարտվի, մենք ստիպված կլինենք հարցնել ինքներս մեզ, ի՞նչ պիտի անենք մահացածների հետ, հանուն ինչի՞ նրանք մահացան»: