Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. Երևանը 11.11.11.-ի 11:11-ին

ՖՈՏՈՇԱՐՔ. Երևանը 11.11.11.-ի 11:11-ին

Այսօր 2011 թվականի նոյեմբերի 11-ն է: Նման համընկնում տեղի է ունենում յուրաքանչյուր 100 տարին մեկ անգամ: Շատերը հավատում են, որ 11.11.11-ը երջանկություն է բերում, հատկապես, եթե ամուսնական կապեր հաստատեն հենց այս օրը, թեև ոմանք էլ, պարզվում է, նախընտրել են ամուսնալուծվել նոյեմբերի 11-ին`հավանաբար հուսալով, որ թվերը կօգնեն դատական խնդիրները հնարավորինս հեշտ լուծել:

Թվաբանություն առավել սիրողները անգամ ժամն են նշանավորում`11:11-ը: Այդուհանդերձ, Երևանում, 11:11-ը ոչնչով չէր տարբերվում, ոչ 11:06-ից, ոչ 11:07-ից, ոչ էլ 11:12-ից: Ինչ վերաբերում է ընտանեկան կապեր ստեղծողներին, նշենք, որ 11:11-ին, օրինակ, Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ոչ ոք չասաց ոչ «տեր եմ», ոչ էլ, հետևաբար, «հնազանդ եմ»: Միայն մի խումբ երիտասարդներ խմբվել էին եկեղեցու` մոմավառության համար նախատեսված շենքի դիմաց` պատրաստվելով մեկերի համընկնելու պահին իրենց աղոթքն ուղղել Աստծուն:

Միաժամանակ, մի խումբ դպրոցականներ էներգիայի խնայման օրվա առթիվ ակցիա էին անցկացնում: Դպրոցականները պաստառներով անցան Հյուսիսային պողոտայով և ոստիկանների ուղեկցությամբ մտան Ազատության հրապարակ:

Epress.am-ի աշխատակիցները մեկերով նշանավորված այս օրը դուրս են եկել փողոց և ժամը 11:11-ին լուսանկարել պատահած առաջին բանը: