Home / Հայաստան / ԲՀԿ- ՀԱ՞Կ, թե՞ ԲՀԿ-ՀՀԿ. Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանում է

ԲՀԿ- ՀԱ՞Կ, թե՞ ԲՀԿ-ՀՀԿ. Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանում է

Հայաստանը շատ կարևոր շրջափուլում է հայտնվել՝ անկախ նրանից, ընտրություններն արտահերթ կլինեն, թե հերթական: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Չնայած տարին դեռ չի ավարտվել և գնահատականներ տալու համար վաղ է, այնուամենայնիվ, պիտի նշեմ, որ ունեցանք պարտություններով և բաց թողնված հնարավորություններով լի տարի: Հայաստանը մեծ փոփոխությունների նախաշեմին է և հաջորդող մի տարին հերթական հնարավորությունն  է տալու մեր երկիրը համապատասխանեցնել սեփական սահմանադրությանը  և դարձնել  իրավական, ժողովրդավարական, սոցիալական և ինքնիշխան պետություն: Մեծ ցավ եմ ապրում, որ «օրենքի իշխանություն» չափանիշը կրող երկրի համար գոնե սահմանադրորեն այդ օրենքը հատվածաբար է կիրառվում: Օրենքը պիտի գործի բոլորի նկատմամբ, առաջին հերթին՝ նախագահի, պաշտոնյաների, վարչապետի, պատգամավորների, ընդդիմադիրների  մերձավորներից, ընտանիքի անդամներից, խնամիներից սկսած», -նշել է նա:

Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի 20-ամյակի հետքերով կգա այն քաղաքական շրջանը, որը կբերի իշխանության վերադարձը ժողովրդին:

«Սա ոչ թե սոսկ նախընտրական տենչանք է, այլ անհրաժեշտություն մեր երկրի համար: Պետք է վեր կանգնենք հատվածաբար մոտեցումներից, ամեն մեկը պիտի լուծումը տեսնի իրենից վեր. պետք է պայքարել ոչ թե առանձին դրոշներով, այլ համախմբվել ու գործել մեկ դրոշի տակ: Մեր ժողովրդին պետք է դուրս բերել ճակատագրապաշտական, օտարվածության  ներկա վիճակից ու մասնակից դարձնել առաջիկա  գործընթացներին», – ասել է նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը վտանգավոր է համարել տարատեսակ ճառերն ու խոստումները, որոնք հնչում են եվրոպական տարբեր ամբիոններից:

«Այն խոստումները, թե մենք պատրաստ ենք երկխոսել, քննարկել ու լուծումներ տալ այս իրավիճակից դուրս գալու, դրանք սոսկ ֆրազեր են, որոնք արտաբերվում են Բրյուսելում (Եվրոպական Միության մայրաքաղաք – խմբ.), սակայն չեն կիրառվում սեփական երկրում», – ասել է նա:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը  կոչ է արել բոլոր սթափ մտածող կուսակցություններին՝ միավորվել հանուն մեկ գաղափարի: Նրա հավաստմամբ, իշխանությունը պետք է վերից վար փոխվի:

Պատասխպանելով ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միավորման հնարավորության մասին հարցին` Հովհաննիսյանն ասել է.

«Սա  ներկա դրությամբ մի փոքր ֆանտաստիկ երևույթ է: Նրանք, ովքեր վերջին տարիներին պիտակներ են  ուղղել մեկը մյուսի նկատմամբ… նրանց` նույն սեղանի շուրջ  նստելու ու երկխոսելու մասին ոչինչ ասել չեմ կարող», – ասել է Հովհաննիսյանը:

Նա, այնուամենայնիվ, հավելել է, որ կողջունի այդ համագործակցությունը, եթե այն իրականություն դառնա` միևնույն ժամանակ նշելով, որ հիմք չունի պնդելու, թե ԲՀԿ-ն դուրս կգա կոալիցիայից:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝  ավելի հավանական է, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի միասնական ցուցակով կգնա ընտրությունների, քան կհամագործակցի ՀԱԿ-ի հետ: