Home / Հայաստան / Խոշտանգված աղջկա գործով քննությունը վերաբացվել է. սադիստ սկեսրոջը Հայաստան կբերեն

Խոշտանգված աղջկա գործով քննությունը վերաբացվել է. սադիստ սկեսրոջը Հայաստան կբերեն

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» նախաձեռնության մեջ մտնող Կանանց ռեսուրսային կենտրոնի  համահիմնադիր Լարա Ահարոնյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կազմակերպված բողոքի ակցիայից հետո ամուսնու և սկեսրոջ կողմից դաժանաբար ծեծված և տարբեր խոշտանգումների ենթարկված 20-ամյա Մարիամ Գևորգյանի հետ մտել է ՀՀ գլխավոր դատախազի գրասենյակ և հանդիպել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանի և ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահրամ Շահինյանի հետ:

Epress.am-ի հետ զրույցում Լարա Ահարոնյանը նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչներն իրենց հետ զրույցում փաստել են, որ Մարիամ Գևորգյանի գործը դատախազության ուշադրության կենտրոնում է գտնվում:

«Գործը վերաբացվել է, և նոր հետաքննություն է սկսվել: Նրանց ջանքերով Մարիամի սկեսուրն այսօր ժամանելու է Հայաստան և նույնպես կանցնի համապատասխան գործով», – հայտնել է Ահարոնյանը:

Հիշեցնենք, որ այսօր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» նախաձեռնությունն այսօր բողոքի ակցիա էր անցկացրել ՀՀ դատախազության շենքի մոտ Մարիամ Գևորգյանի գործի արդարացի քննություն պահանջելու նպատակով:

Գևորգյանը 2009 թվականի վերջին ամուսնացել էր Դավիթ Զիրոյանի հետ և մեկնել էր Սանկտ Պետերբուրգ, որտեղ ապրում էր ամուսնու ընտանիքը: Այնտեղ աղջկան փակի տակ են պահել` 10 ամսվա ընթացքում դաժան խոշտանգումների ենթարկելով: Երբ Մարիամին հաջողվել էր վերադառնալ Հայաստան, նա հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Ամուսնուն` Դավիթ Զիրոյանին, մեղադրանք է առաջադրել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել համաներմամբ: Նշենք, որ Զիրոյանն ու իր մայրը` Հայկանուշ Միքայելյանը, դաժան խոշտանգումների են ենթարկել նաև Զիրոյանի առաջին կնոջը, ով ընտանիքում ապրել է 3 տարի` 2005-ից 2008-ը: Խոշտանգումների հետևանքով նա կորցրել է աչքերից մեկի տեսողությունը: