Home / Հայաստան / Երևանում պահանջում են «ապաբուծիկավորել» այգու տարածքը

Երևանում պահանջում են «ապաբուծիկավորել» այգու տարածքը

Մի քանի շաբաթ առաջ Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակները տեղափոխվել են Մաշտոցի պողոտայի Մարգարյանի անվ. հիվանդանոցի դիմաց  գտնվող այգի:  Այս փաստը դժգոհությունէր առաջացրել մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքացիների շրջանում, ովքեր այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել տվյալ վայրում:

Ակցիային մասնակցել են «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը» նախաձեռնություննեը, ինչպես նաև  Հայաստանի կանաչների կուսակցությունը` ի դեմս նախագահ Արմենակ Դովլաթյանի:

Ակտիվիստները շինարարության վայրում համոզվել են, որ շինարարությունը իրականացնողները չունեն թույլտվության փաստաթղթեր:

«Չունեն ոչ ցուցանակ, ոչ փաստաթղթեր: Մենք զանգեցինք ոստիկանություն: Այս անգամ ոստիկանները չեկան, բայց մեր հայցը գրանցվեց», – մեզ հետ զրույցում` ասել է ակցիայի մասնակից Վարդան Գերավետյանը:

Շինարարության վայրում ցուցանակի բացակայության փաստը, ինչպես նաև այն, որ շինարարությունը սկսելուց առաջ որևէ հանրային քննարկում չի կազմակերպվել, ըստ ակցիայի ակտիվիստների, վկայում է այն մասին, որ կրպակների շինարարությունն անօրինակ է:

Կրպակների շինությունը դադարեցնելու համար նախաձեռնողները ստեղծել են նաև «Պահանջում ենք «ապաբուծիկավորել» Մաշտոցի պուրակը» կոչվող էջը Facebook-ում: