Home / Հայաստան / Լևոն Արոնյանը հրաժարվում է խաղալ Բաքվում. անվտանգության երաշխիքները չեն օգնի

Լևոն Արոնյանը հրաժարվում է խաղալ Բաքվում. անվտանգության երաշխիքները չեն օգնի

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դիմել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին` հայտարարելով, որ չի մասնակցի աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարին, եթե այն անցկացվի Բաքվում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Ադրբեջանում տիրող ընդհանուր մթնոլորտը և մեր երկրների միջև գոյություն ունեցող մշտական լարվածությունը անհնար են դարձնում իմ մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող որևէ բարձրակարգ մրցաշարի:

Այնպիսի պատասխանատու և կարևոր միջոցառում, ինչպիսին աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարն է, նրա մասնակիցներից պահանջում է հոգեկան անդորր և ուժերի արտակարգ կենտրոնացում: Ոչ շախմատային ոչ մի հանգամանք չպետք է գրոսմայստերին խանգարի ցուցադրելու այն ամենը, ինչին նա ընդունակ է: Խիստ անհրաժեշտ է բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ, որը, ցավոք, այս պահին Ադրբեջանում չկա ազգությամբ հայ որևէ անձնավորության համար: Բոլոր մասնակիցները պետք է գտնվեն հավասար պայմաններում, ինչը անհնար է հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու դեպքում: Անվտանգության երաշխիքներն ու ցանկացած տեսակի լրացուցիչ աջակցությունը չեն կարող օգնել իրավիճակին:

Հաշվի առնելով վերոհիշյալը, տեղեկացնում եմ ձեզ, որ ես հաճույքով կմասնակցեմ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին աշխարհի ցանկացած այլ երկրում, բայց իմ մասնակցությունը Ադրբեջանում անցկացվող հավակնորդների մրցաշարին բացառվում է:

Հուսով եմ, որ դուք հաշվի կառնեք այս նկատառումները` մրցավայրի հարցը նախագահական խորհրդի նիստում քննարկելիս», – գրել է Արոնյանը: