Home / Հայաստան / 36 ժամ ճանապարհին. Իրական պատմություն` Ստամբուլ-Երևան ավտոբուսից

36 ժամ ճանապարհին. Իրական պատմություն` Ստամբուլ-Երևան ավտոբուսից

Թուրքական IMC հեռուստաալիքի խմբագիր Արիս Նալջիի նախաձեռնությամբ Հայաստանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ ճամփորդող քաղաքացիների մասին պատմող փաստագրական ֆիլմ է նկարահանվել: ««Ավտոբուս». Լրագրություն շարժման մեջ» ծրագրի շնորհիվ ֆիլմի ռեժիսոր և նախագծի համակարգող Արիս Նալջին ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև փակ սահմանի պատճառով 36 ժամ տևող ճանապարհի ուղևորների պատմությունները:

«44 ուղևորներ, 36 ժամ, մեկ մեծ ընտանիք… Թուրքիա և Հայաստան… Երկու փակ երկրներ: Երկու հեռու հարևաններ: Ողջ պատմության ընթացքում այս երկու ազգերը կիսել են միևնույն հողը: Այսօր այս երկու ազգերը, անգամ կողք կողքի ապրելով, արհամարհում են միմյանց: Այս փաստագրական ֆիլմը փորձ է արել նկարագրել ավտոբուսների այն ուղևորների և վարորդների պատմությունները, որոնք Երևան են մեկնում ամեն շաբաթ», – պատմել է ֆիլմի հեղինակը:

Ըստ Արիս Նալջիի` ֆիլմը նախատեսվում է ցուցադրել Ստամբուլում, Երևանում և Բելգիայում, ֆիլմի ցուցադրությունը հնարավոր է նաև Ֆրանսիայում:

Հեղինակներն արդեն դիմել են մի շարք փառատոնների` ֆիլմը ծրագրերում ընդգրկելու և ավելի լայն հանդիսատեսին ներկայացնելու համար: Փառատոններից հետո ֆիլմը կցուցադրվի նաև թուրքական հեռուստաալիքներով:

Արիս Նալջին պատմել է, որ Ֆիլմի նկարահանող խումբը պատրաստվում է նաև ճանապարհին արված լուսանկարների ցուցահանդեսներ կազմակերպել Ստամբուլում և Գյումրիում:

Մեզ հետ զրույցում ֆիլմի հեղինակը պատմել է նաև «Ավտոբուսի» հերոսներ հայ և իրանցի սիրեցյալների պատմությունը. «Հայաստանցի բուժքույր Անահիտը և իրանցի բանվոր Հալիլը հանդիպել են երկու տարի առաջ Թուրքիայում: Անահիտը Թուրքիա է մեկնել աշխատանք փնտրելու նպատակով, և արդեն 6 տարի է` աշխատում է որպես բուժքույր, որպեսզի իր երեխաները կարողանան սովորել Հայաստանում: Նա խնամում է տարեց մարդկանց` ողջ գիշեր հոգ տանելով նրանց մասին: Որպես էժան աշխատուժ նա անում է այն գործը, որից ուրիշները հրաժարվում են, սակայն չի բողոքում: Այժմ նրա դուրստրը երեխայի է սպասում, և տիկին Անահիտը գալիս էր Հայաստան` իր թոռնիկին տեսնելու համար:

Հալիլի պատմությունը բոլորովին այլ է: Նա քրիստոնյա իրանցի է: Առաջինն էր, ով բարձրացավ ավտոբուս: Նա զբաղեցրեց 19-րդ նստատեղը, և կողքով անցնող յուրաքանչյուր ուղևոր ուշադիր նայում էր, թե ինչ է տղամարդը կարդում: Թվաց, թե նա Ղուրան է կարդում: Հետո պարզվեց, որ դա Ավետարան էր` պարսկերենով:

Հալիլը ցանկանում էր պատմել մեզ իր պատմությունը, բայց վախենում էր: Իրանում քրիստոնյա լինելու պատճառով  Հալիլը փախել է Ահմադինեժադի ռեժիմից:

«Իրանում քրիստոնյա լինել կարելի է միայն մի ազգային փոքրամասնությանը` հայերին: Եթե դու պարսիկ ես, և ոչ մահմեդական, քո հետ շատ ավելի վատ են վարվում, քան այլ ազգային փոքրամասնությունենրի», – պատմել է նա: Իրանական ռեժիմից փախչելիս` Հալիլը այնտեղ է թողել իր երեխաներին: Նրանք մահմեդական են դարձել, բայց Հալիլը չի կարողանում փոխել հավատքը: Ողջ ճամփորդության ընթացքում նա չէր դադարում Ավետարան կարդալ»:

Վավերագրական ֆիլմում ևս մի քանի մարդկանց պատմություններ են ներկայացված: Հիմնականում մարդիկ ստիպված են ավտոբուսով երկարատև և հոգնեցուցիչ ուղևորություն կատարել, քանի որ չեն կարող իրենց թույլ տալ ինքնաթիռի տոմսի գումար վճարել: Բաց սահմանների դեպքում այդ ճանապարհը կկրճատվեր մոտ 2,5 անգամ:

Նշենք, որ ֆիլմը պատրաստվել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Կոնսորցիումի կողմից: Կոնսորցիումի կազմում ընդգրկված են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը և Երևանի մամուլի ակումբը: