Home / Հայաստան / Պատգամավորի թեկնածուն պահանջում է բացատրել` ովքեր են ցուցակներում 00-ին ծնվածները (ՖՈՏՈ)

Պատգամավորի թեկնածուն պահանջում է բացատրել` ովքեր են ցուցակներում 00-ին ծնվածները (ՖՈՏՈ)

Չնայած քարոզարշավը պաշտոնապես սկսվում է  ապրիլի 8-ին, թեկնածուների համար արդեն իսկ ստեղծված են անհավասար պայմաններ, իսկ ընդդիմադիր թեկնածուների համար՝ անտանելի պայմաններ` հակառակ հայտարարությունների, թե ընտրություններn իբր լինելու են ազատ, արդար ու թափանցիկ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, ՀԱԿ ներկայացուցիչ Գայանե Առուստամյանը:

«Այդ հայտարություններն իրականում միմիայն եվրոպական կառույցների առջև ստանձնած պարտավորությունների շրջանակներում պատրանքներ ու տպավորություներ ստեղծելու նպատակ են հետապնդում», – ասել է ընդդիմադիր թեկնածուն:

Նրա խոսքով` Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ձևավորված մեքենան, որն աշխատում է ընտրությունները կեղծելու ու ռեժիմը պահպանելու նպատակով,  տարեցտարի կատարելագործում է ընտրակեղծիքների մեխանիզմը:

«Դրանք հիմա փոխվել են՝ ստուգարքը Հրազդանի քաղաքապետի ընտրություններն էին, որտեղ էլ կիրառվեցին նոր տեխնոլոգիաները: Դա ընտրացուցակներում առկա անճշտություների տեխնոլոգիան է. եթե նախկինում ընտրություններն ընթանում էին լցոնումներով, հանձնաժողովի անդամների ու ռեժիմի վստահված անձանց լկտի պահվածքով՝ լույսեր էին անջատում, քվեատուփ էին գողանում, մարդկանց էին տանում, ծեծում էին ու ջարդում, այժմ այդ ակնհայտ ապօրինությունները փորձել են փոքր ինչ փարատել», – նշել է Առուստամյանը` ընդգծելով, որ այժմ ավելացել են մարդիկ, մասնավորապես, իր ընտրատարածքում մոտ 4000 ընտրող:

Նա պատմել է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Հայրապետյանին հարց է ուղղել` ո՞րն է ընտրացուցակներում մարդկանց ավելանալու պատճառը, բայց ոչ մի բացատրություն չի ստացել:

«Բազմաթիվ շարքային քաղաքացիներ ինձ են դիմում և ներկայացնում ընտրացուցակներում առկա աղաղակող մի հետաքրքիր հանգամանք, որն առկա է մնացած բոլոր 41 ընտրատեղամասերի ցուցակներում ՝ դրանք 00 թվով 00 ամսաթվով ծնված ինչ-որ մարդիկ են, որոնք գոյություն չունեն ու այդ անտեսանելի ընտրազանգվածը մասնակցում է ընտրություններին և ընտրում իշխանության թեկնածուին: Ես չեմ հասկանում, թե  մեր անձնագրային վարչությունը այդ ինչ քանակությամբ անձնագիր է տպագրել, որում մարդիկ 00 ամսի ու 00 թվերով ծնվածներ են: Խնդրեմ, բացատրեք՝ ի՞նչ է սա նշանակում», – ասել է Առուստամյանը:

ՀԱԿ ներկայացուցչի կարծիքով` այդ անձնագրերը կարող են բաժանել ռեժիմի վստահված քաղաքացիներին, որոնք գերատեսչություններում աշխատող մարդիկ կարող են լինել, որոնք կգնան իրենց բնօրինակ անձնագրով, կընտրեն իրենց տեղամասում, հետո այդ «00» ամսին ծնվածները կգնան ու կընտրեն այլ տեղ:

«Ի դեպ, այդ մարդկանցից շատերը 80-անց աներևույթ «քաղաքացիներ են»», – հավելել է Առուստամյանը:

Նա նաև տարակուսած է, որ ընտրատարածքային ընտրական  հանձնաժողովը  իրեն չի  տրամադրում  նախորդ ընտրություններին մասնակցած  ու այս ընտրություններում հայտագրված անձանց թվաքանակը:

«Այս ընտրություններինը բնականաբար տրամադրել են, իսկ նախորդինը՝ ոչ: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հայրապետյանն ասում է ՝ չկա: Նա ասում է, թե որոշ բաներ պահպանվել են՝ ասենք Ընտրական օրենսգիրքը, որը նյութ չի կարող համարվել: Ես պահանջում եմ կոնկրետ թիվը, նա ասում է մոտավորապես: Կենտրոնական ընտրական և ընտրատարածքային ընտրական  հանձնաժողովները պարտավոր են մինչև հաջորդ ընտրության  պահպանել այդ նյութերը՝ ուսումնասիրելու,քննարկելու,  դրանցում շտկումներ մտցնելու, ընտրությունից-ընտրություն ցուցակնեում առկա թերությունները  վերացնելու, մաքրելու համար», – ասել է նա:

Առուստամյանը շեշտել է՝  թող սա ոստիկանությունն ընդունի որպես  հայտարարություն, գնա ու պահանջի այդ փաստաթղթերը.

«Ես պահանջում եմ, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կամ պատշաճ աշխատեն, կամ պատժվեն օրենքով սահմանված կարգով»: Նա հայտարարել է, որ ինքն ու իր թիմը ստիպված  են ընկնել տուն առ տուն՝ ճշտելու համար «00» ամսաթվով ծնված մարդը իրականում գոյություն ունի՞, թե՞ ոչ:

Նրա խոսքով՝ ստացվում է, որ թեկնածուն  սկսում է մարդահամարի խմբի գործառույթ իրականացնել:

Նա նաև հայտարարել է, որ ՀՀԿ-ի թեկնածու Ռուբեն Հայրապետյանին հրավիրում է հրապարակային բանավեճի:

«Թող գա խոսենք ու տեսնենք, թե ինչպե՞ս է համոզելու ընտրողին, որ գա, իր քվեն տա  իրեն և գործուղի խորհրդարան: Ես բազմիցս հայտարարել եմ այս մասին, սակայն ոչ մի պատասխան չեմ ստացել», – ասել է ՀԱԿ ներկայացուցիչը:

Նշենք, որ այս ընտրատարածքում առաջադրված են նաև «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը և անկուսակցական Արսեն Մանուկյանը: