Home / Հայաստան / ՀՀԿ-ի քայլը դրական է. ՀԱԿ-ը չի ցանկանում «մարդասպանի հետ մարդասպանություն բացահայտել»

ՀՀԿ-ի քայլը դրական է. ՀԱԿ-ը չի ցանկանում «մարդասպանի հետ մարդասպանություն բացահայտել»

Ընտրություններում հասարակական վերահսկողություն սահմանելու համար միջկուսակցական միասնական շտաբ ձևավորելու վերաբերյալ քննարկման ժամանակ այսօր  չորս քաղաքական ուժեր` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» եկել են համաձայնության և ստորագրել շտաբ ստեղծելու մասին հայտարարություն: ՀՀԿ-ն ներկայացնող Գալուստ Սահակյանը  հրաժարվել է ստորագրել հայտարարությունը` իր որոշումը մեկնաբանելով նախ` նրանով, որ քննարկմանը պետք է հրավիրված լիներ նաև ՕԵԿ-ի ներկայացուցիչը: Բացի դրանից, ըստ նրա, ԱԺ-ում նման շտաբ արդեն կա և ավելի արդյունավետ է գործելու, քանի որ ԱԺ-ում ցանկացած հարց լսումների կվերածվի, ոչ թե միայն գնահատականներ կտրվեն:

Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացնող Լևոն Զուրաբյանը կոչ է արել ստորագրել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված իրենց նամակը:

«Ողջունում եմ մեզ բոլորիս, որ քաղաքական կուսակցությունները կարողացան վեր կանգնել իրենց նեղ  քաղաքական շահերից և  համաձայնեցին համագործակցել ընտրակեղծիքները կանխելու համար: Որպես բարի կամքի ժեստ` խնդրում եմ, ստորագրել նաև  մեր նամակը` ուղղված ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանին, որով  խնդրում ենք տրամադրել երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների ցանկը: Դաշնակցությունը արդեն ստորագրեց», – ասել է Զուրաբյանը` նկատելով, որ հարցը կարիք չկա հետաձգել, քանի որ քիչ ժամանակ է մնացել:

Վարդան Օսկանյանը` ԲՀԿ-ից, առաջարկել է այդ նամակին անդրադառնալ  շտաբի հաջորդ նիստի ժամանակ: «Մենք չենք ստորագրելու, եթե հիմա քննարկենք ու մերժենք, մամուլում  կգրեն, շտաբը անհաջող սկսեց, ու այդպիսով` ստվեր կգցեն մեր  հետագա արդյունավերության վրա: «Ժառանգության» պատվիրակ Ռուբեն Հակոբյանը կիսել է Օսկանյանի մոտեցումը:

Հիշեցնենք, որ  երկրից բացակայողների ցանկը Ոստիկանությունը հրաժարվել է տրամադրել` պատճառաբանելով, թե իրենք նման տեղեկության չեն տիրապետում:  Ըստ Լևոն Զուրաբյանի`  այս պատճառաբանությունը սուտ է, քանի որ մարդահամար է անցկացվել, ոստիկանները տուն առ տուն շրջել ու հարցրել են` ովքեր են տանը բնակվում,  և նման տեղեկություն  ունենալը մեծ համակարգչային ընդունակությունների հետ կապ չունի:

ՀԱԿ-ը հիմքեր է տեսնում կասկածելու, որ ընտրացուցակներում գրանցված 700,000  մարդ փաստացի չի ապրում երկրում: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանն էլ, ով ստորագրել է ոստիկանապետին ուղղված նամակի տակ, ասել , որ Հայաստանից բացակայողների մասին հրապարակելը  Ընտրական օրենսգրքում մտցնելը ՀՅԴ-ն առաջարկել էր դեռ ԱԺ-ում նոր օրենսգրքի քննարկումների ժամանակ:

Լևոն Զուրաբյանը, քննարկումից հետո լրագրողների հարցին պատասխանելով, ասել է, որ ՀՀԿ-ի հրաժարվելը շատ բնական է և  դրական: «ՀՀԿ-ի հետ ընտրակեղծիքների դեմ պայքարելը նշանակում է մարդասպանի հետ մարդասպանությունը բացահայտել փորձել»,- ասել է Զուրաբյանը:

ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը, գնահատելով նոր ստեղծված շտաբի հնարավոր արդյունավետությունը, ասել է,  որ շտաբը կարող է միայն  խախտումները արձանագրել, սակայն իրապես արդար ընտրություններ ունենալու համար, ըստ Օսկանյանի, պետք է համոզել ՀՀԿ-ին, քաղաքական կամք ունենալ և նորմալ ընտրություններ անցկացնել` 20 տարվա մեջ առաջին անգամ: