Home / Հայաստան / Դատարանում տեսաերիզ դիտեցին. ՀԱԿ ակտիվիստը պնդում է, որ շատ քիչ են ցուցադրել

Դատարանում տեսաերիզ դիտեցին. ՀԱԿ ակտիվիստը պնդում է, որ շատ քիչ են ցուցադրել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի գործով դատաքննության փուլը: Այսօրվա դատական նիստի ժամանակ  հետազոտվեցին գործում առկա ապացույցները:

Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը:

Այսօրվա նիստին մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, խոսելով դեպքի վայրի տեղազննության մասին, կողմերին ասել է, որ ցանկության դեպքում կարող են տեսնել լուսանկարները: Բոլոր մեղադրյալները հրաժարվել են, իսկ Տիգրան Առաքելյանը խնդրել է դատախազին հրապարակել ընթերակաների անունները, քանի որ չի բացառվում, որ այնտեղ լինի Ֆրանգուլյանի անունը: Այդ հայտարարությունը դահլճիում ծիծաղ է առաջացրել:

Երբ դատարանում ներկայացվել է գործում առկա այն հանգամանքը, որ երիտասարդները շրջել են հերթապահ մասի գույքը, Սարգիս Գևորգյանը հակադարձել է, թե հերթապահ մասում գույք չի եղել, գույք եղել է միայն պրոֆիլակտիկ սենյակում: Գևորգյանի խոսքով` իրենք գույք չեն շրջել, ինչը ապացուցվել է նաև այսօր դատարանում հետազոտված ոստիկանության ներկայացրած տեսանյութով:

Այնուհետև մեղադրողն ընթերցել է, որ բերման ենթարկված երիտասարդներին բանավոր կերպով ներկայացվել  իրենց ազատությունների սահմանափակման և իարվունքների ծանուցման մասին: Սակայն երիտասարդները հենց դատարանում ասացին, որ իրենց նման բան չի ներկայացվել: Սարգիս Գևորգյանն էլ հավելել է, որ իրենք ոչ մի փաստաթղթի տակ չեն ստորագրել, քանի որ իրենց արգելել են շփվել փաստաբանների հետ:

Նիստի ժամանակ հետազոտվել են Սարգիս Գևորգյանի հեռախոսում արված լուսանկարներն ու մի քանի տեսագրությունները:  Մինչ տեսագրությունները դիտելը, մեղադրող դատախազը նշել է, որ տեսանյութում լսվում է, թե ինչպես է Գևորգյանը հեգնական տոնով կարմիր բերտավորին ասում` «արա, հլը էս բանտիկավորին նայի»:

Տեսագրության զննումից հետո Գևորգյանն ասել է, որ ինքը որևէ մեկին չի հեգնել և նշել է, որ տեսանյութում էլ երևում է, որ, երբ ինքը մոտենում է ոստիկանին, իրեն փորձում են ուժով դուրս հրավիրել:

Այնուհետև զննվել է ոստիկանության լրատվության վարչության կողմից ներկայացված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես հենց ոստիկանության բաժնում 7 ակտիվսիտների նկատմամբ բռնություն են գործադրում քաղաքացիական հագուստով անձինք, քաշքշում են նրանց, ինչպես նաև հետագայում նրանց միացած փաստաբան Վահե Հովսեփյանին: Տեսանյութի մի հատվածում, երբ երիտաասրդները դեռ հերթապահ մասում են, Սարգիս Գևորգյանը ոստիկաններից մեկին ասում է. «Դու ոստիկան չես, դու այն նույն հանցագործներից ես, որ մարտի 1-ին ժողովրդի վրա է  կրակել»:

Կադրերում երևում է նաև ՊՊԾ գնդի հրամանատր Վալերի Օսիպյանը, ով երիտասարդներին քաշքշող քաղաքացիական հագուստով անձանց, որոնք Կենտրոնի բաժնի օպերներն են, բարկանալով կարգի է  հրավիրում ու հետ մղում:

Վերոնշյալ քաղաքացիական հագուստով անձինք ամեն կերպ փորձում են առանձնացնել երիտասարդներին, որոնք չեն ցանկանում դա անել:

Արեգ Գևորգյանը հայտարարում է. «Մենք հրաժարվում ենք որևէ գործողության մասնակցել, քանի որ գտնվում ենք ոչ թե ոստիկանությունում, այլ հանցագործների բեսեդկայում»:

Կադրերում երևում է նաև, որ Վահագն Գևորգյանը պատառոտված հագուստով բղավում է իրեն քաշող ամրակազմ մի երիտասարդի վրա` պահանջելով, որ իր հետ հարգալից խոսեն, այնուհետև իրեն նկարահանող օպերատորին ասում է, որ նկարի իրեն հայհոյողին: Այդ պահին տեսախցիկի առջև մի պահ մթնում է:

Քաշքշոցի ժամանակ Սարգիս Գևորգյանը Կենտրոնի ոստիկանության պետ Սարգիս Մարտիրոսյանին փորձում է  բացատրել, որ իրենք իրենց պահում են օրենքի սահմաններում, բայց ոստիկաններն իրենց հայհոյում են ու հարվածում:

Դրանից հետո նույն Մարտիրոսյանը բղավում է իր ենթակաների վրա` «առանձնացրեք սրանց», և, անձամբ քաշելով, սենյակից դուրս է հանում իր հետ զրուցող Սարգիս Գևորգյանին:

Մի պահ տեսաերիզում լսվում է Տիգրան Առաքելյանի բղավոցը, ով ասում է. «Վիզս թող»: Այդ պահին կադրում ոստիկաններից պատ է:

Ինչ վերաբերում է տեսանյութում լսվող երիտասարդների կողմից ոստիկանների հասցեին հնչեցրած հայհոյանքներին, տեսանյութը դիտելուց հետո Գևորգյանն ասել է, որ ինքը չի հերքում, թե հայհոյել է երկորրդ հարկում` նշելով, սակայն, որ դա իրեն ոստիկանների կողմից ուղղված հայհոյանքների պատասխանն է եղել:

Տիգրան Առաքելյանն իր խոսքում ասել է, որ դահլիճում շատ քիչ բան են ցուցադրել, քանի որ իրենց ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում երկու տեսախցիկ մոտ վեց ժամ նկարահանումներ են իրականացրել: Նրա խոսքով` ցուցադրված տեսանյութում ինքն արդեն առանց վերնաշապիկի է, ինչը տեղի է ունեցել բերման ենթարկվելուց բավական ուշ:

Դատաքննության ժամանակ երիտասարդների պաշտպաններից մեկը` Ստեփան Ոսկանյանը, ընթերցել է, թե ինչ վնասվածքներ են ստացել իր պաշտպանյալները, համաձայն դատաբժշկի եզրակացության:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 28-ին, ժամը 15.00-ին, որի ընթացքում մեղադրողը հանդես կգա մեղադրական ճառով: