Home / Հայաստան / Թուրքիան չի ցանկանում փոխել դիրքորոշումը Հայաստանի հարցում

Թուրքիան չի ցանկանում փոխել դիրքորոշումը Հայաստանի հարցում

Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիային արված ԱՄՆ-ի կոչին ի պատասխան` Անկարան հայտարարել է, որ մեղավոր չէ հարաբերությունների սառեցման համար: Պաշտոնական Անկարայի աղբյուրները շարունակում են պնդել, որ խնդիրը Ցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմնանադրական դատարանի կողմից 2010 թվականին ընդունված որոշումն է:

«Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում հստակ է»,- Hürriyet Daily News-ի հետ զրույցում ասել է թուրք դիվանագետը, ով չի ցանկացել ներկայանալ:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ի որոշմամբ Սահմանադրությանը չհակասող է ճանաչել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայաստան-Թուրքիա արձանագրությունները, սակայն նաև նշել է, որ այդ փաստաթղթերի մեկնաբանությունը չի կարող հակասել Հայաստանի Անկախության հռչակագրի 11-րդ հոդվածին, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

Թուրքիայի պաշտոնյան, այսպիսով, պատասխանել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, ով հունիսի 4-ին Հայաստանում հայտարարել էր, թե «գնդակն այժմ Թուրքիայի կիսադաշտում է»:

Թուրք վերլուծաբանները նշում են, որ իրենց երկիրը չի ցանկանում փոխել որոշումն արձանագրությունների վերաբերյալ` մնալով այն կարծիքին, որը դեռևս 2010 թվականին ՀՀ ՍԴ որոշումից հետո արտահայտել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը.

«1915 թվականի դեպքերին անդրադառնալը զայրացրել է Անկարային, քանի որ դա հակասում էր Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացին: Մենք երբեք արձանագրությունները Սահմանադրական դատարան չենք մտցրել: Մենք այն ուղիղ խորհրդարան ենք տարել`առանց փոփոխությունների: Մենք միջնորդ չենք ներգրավել տեքստում: Մենք «տողատակերում ընթերցելու» գործողություններ չենք իրականացրել: Հայաստանը փորձել է փոխել տեքստը»:

Նշենք, որ Հիլարի Քլինթոնը Թուրքիայում կլինի վաղը, և այդ այցի արձագանքներից ավելի հստակ կդառնա, թե ինչ փոփոխություններ կարող են լինել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: