Home / Հայաստան / Հայաստանը` կիսաավտորիտար պետություն. Freedom House

Հայաստանը` կիսաավտորիտար պետություն. Freedom House

Հայաստանը շարունակում է մնալ կիսաավտորիտար կառավարում ունեցող պետությունների շարքում, Ազատություն ռադիոկայանի հաղորդմամբ` այս մասին ասված է արևմտյան ամենահեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկի` Freedom House-ի կողմից այսօր հրապարակած հերթական զեկույցում:

«Պետություններն անցումային շրջանում» կոչվող այս փաստաթուղթն ամփոփում է Արևելյան Եվրոպայի, Բալկանների և հետխորհրդային տարածքի 29 պետություններում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված միտումները:

Հատուկ ուշադրության են արժանացել հատկապես ընտրական համակարգերի կենսագործունեությունը, ազատ մամուլի և քաղաքացիական հասարակության վիճակը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին միտված քայլերը:

Պետությունները հետազոտության հեղինակների կողմից գնահատվել են յոթ բալանոց սանդղակով, որտեղ մեկ միավորը համապատասխանում է լիարժեք ժողովրդավարության առկայությանը, իսկ յոթ միավորը նշանակում է, որ տվյալ պետությունում ավտորիտար կառավարում է:

Ժողովրդավարության մակարդակը Հայաստանում Freedom House-ի մասնագետները գնահատել են 5.39, ինչն աննշան կերպով ավելի լավ է, քան նախորդ տարի արձանագրված 5.43-ը: Այս ցուցանիշով Հայաստանը զգալիորեն զիջում է Վրաստանին, որն այս զեկույցում դասվել է անցումային կամ «հիբրիդային» տիպի պետությունների շարքին:

Ժողովրդավարության զարգացման և կայացման առումով Հայաստանից ավելի վատ վիճակում են միայն Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ պետությունները, ինչպես նաև Ռուսաստանն ու Բելառուսը. երկրների այս խումբը Freedom House-ը դասել է ավտորիտարների շարքին:

Անդրադառնալով առանձին ոլորտներին տրված գնահատակններին` զեկույցի հեղինակները որոշակի բարելավումներ են նկատում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի առումով: Զեկույցում մասնավորաբար ասված է. – «Էլեկտրոնային կառավարության համակարգի ներդրումը Հայաստանում և Վրաստանում կարող է դիտվել որպես դրական քայլ` ուղղված ստորին մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարին»:

Ինչ վերաբերում է մյուս ոլորտներին, ապա մնացած գրեթե բոլոր ցուցանիշները նախորդ տարվա համեմատ անփոփոխ են: Այսպես, ընտրական գործընթացների` ժողովրդավարական չափանիշներին համապատասխանության առումով Հայաստանի ցուցանիշը, ըստ զեկույցի հեղինակների, 5.75 է, ինչն անգամ ավելի վատ է, քան ավտորիտար պետությունների խմբին դասված Ղրղզստանում, էլ չասած հարևան Վրաստանի կամ միջազգային հանրության մի զգալի հատվածի կողմից չճանաչված Կոսովոյի մասին:

Լրատվամիջոցների անկախության առումով իրավիճակը ևս մխիթարական չէ` այստեղ Հայաստանը նույն մակարդակի վրա է, ինչ Տաջիկստանը:

Ամենաբարվոք ցուցանիշն արձանագրվել է քաղաքացիական հասարակության կայացման ոլորտում, որտեղ Հայաստանի արձանագրած առաջընթացը համադրելի է Վրաստանի և բալկանյան մի շարք պետությունների հետ: