Home / Հայաստան / Փչացած հեռախոսը. ինչի՞ շուրջ կարող են միավորվել «միմյանց կորցրած» հայերը

Փչացած հեռախոսը. ինչի՞ շուրջ կարող են միավորվել «միմյանց կորցրած» հայերը

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին ողբերգական դեպքերին հետևած համացանցային քննարկումները բավական տարօրինակ տպավորություն թողեցին, այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված իր հոդվածում գրում է գրող, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:

«Ընդդիմադիր հայացքների տեր օգտվողները հարցնում են. Բա ո՞ւր են հայրենասերները, ինչո՞ւ Քլինթոնի դեմ երթ չեն անում, թուրքական ագրեսիան դատապարտելու պահանջով» կամ «բա ո՞ւր էին հայրենասերները, երբ հայկական բանակում հայի ձեռքով էին հայեր սպանվում»: Հակառակ կողմը հարցնում է. «Բա ո՞ւր են իրավապաշտպանները» կամ «բա ո՞ւր են կուսակցությունները, ինչո՞ւ են լռում, երբ մեր զինվորները սպանվել են սահմանին`թուրքի ձեռքով»: Այս բոլոր հարցադրումների մեջ կարող ենք ճիշտ կամ սխալ կետեր գտնել: Բայց ես մի այլ բանից եմ տարակուսում: Ստացվում է, որ բոլորը բոլորին փնտրում են: Այսինքն կորցրել ենք իրար, կամ ինքներս մեզ: Պատկերավոր ասած ներհասական հեռախոսը փչացել է, և կանոնավոր խոսակցության փոխարեն լսվում է միայն` «ալո~, ալո~, ո՞ւր եք, ո՞ւր ենք»: Էլ չասած այն մասին, որ ամեն մեկը ոչ թե իր գտնվելու վայրի մասին է տեղյակ պահում կամ հարցադրում անում, այլ ուրիշների. կարծես ամեն մեկը պատասխանատվությունն ուզում է գցել մյուսի վրա: Ես, անշուշտ, արհեստական «ազգային միասնականության» կողմնակից չեմ` այն իմաստով, որով այդ միասնությունը մեզանում հակված են հասկանալ: Հասարակությունը գյուղական փոքրիկ համայնք չէ, ոչ էլ առավել ևս` «մեծ ընտանիք». հասարակությունը բաղկացած է տարբեր շերտերից, տարբեր աշխարհայացք ունեցող մարդկանցից, յուրաքանչյուրն իր պատկերացումներով, իր շահերով, և այդ պատկերացումների ու շահերի բախումն էլ բնական և նույնիսկ խրախուսելի է այնքանով, որքանով առողջ մրցակցության դաշտը, որով էլ առաջադիմելու հնարավորություն է ստեղծում: Որոշ պայմաններում նույնիսկ հասարակական պառակտումն է անհրաժեշտ, որովհետև միայն հստակ գծված սահմանով բաժանումից է հնարավոր նորի սկիզբը` «ելքը»: Բայց այս ամենը մինչև որոշակի սահման, որից անդին հասարակական միասնության խախտումը բերում է հասարակության չգոյությանը: Հասարակությունն ի վերջո նաև հաղորդակցություն է: Որքան էլ տարբեր լինեն աշխարհայացքները, նույն հասարակության անդամները պետք է ունենան նվազագույն «բառապաշար», որն ընդհանուր է բոլորին: Այս պահին, սակայն, մեզանում նկատվում է «բարբառների» բավականին սրընթաց բաժանում իրարից: Հիմա բարձրացել ենք, ասես, տարբեր սարերի գագաթին ու միմյանց ձեն ենք տալիս` ո՞ւր ես: Ենթադրում եմ, որ բացի իր ուղիղ իմաստից, այս հռետորական հարցը տագնապ է պարունակում: Չնայած կողմերը օգտագործում են արտաքին թշնամու գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը միմյանց հետ հաշիվ մաքրելու, հեգնելու համար, սակայն, խորքում գուցե թաքնված է միմյանց վերագտնելու ցանկությունը: Այս պարագայում հնչող հարցադրումները կարող են իրականում այնքան էլ հռետորական չլինել, որքան թվում է հենց իրենց` հարց տվողներին: Մարդիկ բնազդաբար զգում են հայրենակցի կարիքը և վախենում են, որ միմյանց հասկանալու հնարավորությունը կարող է վերջնականապես կորած լինել, և այդ վախը, թերևս, ուժգնանում է արտաքին վտանգի նշանների դիմաց: Նրանք ուրախ կլինեին վերագտնել միմյանց, և ջղայնությունն ու սարկազմը, թերևս, դառնում են ուշադրություն գրավելու վերջին միջոցը: Իսկ որո՞նք են մեր հասարակության ահագնացող բաժանման հնարավոր պատճառները: Այս պահին կառանձնացնեի մեկը` «գեոպոլիծիկան»: Այսօր «հայրենասերների» ու «լիբերալների» անվան տակ, Հայաստանում հաճախ միավորվում են «հակաարևմտամետ և «արևմտամետ» քաղաքական համակրանքներ ունեցողները. որոնք «գեոպոլիծիկ» բախումները տեղափոխում են ներքին դաշտ` բացարձակ ներքին պառակտման վտանգով:

Այս պարագայում միակ ելքը կարող է լինել վերադասավորումը և նոր հայաստանակենտրոն հեռանկարի ձեռքբերումը: Ընդ որում, հայաստանյան հասարակությունը պետք է և կարող է միավորվել սահմանադրականության և անկախության սկզբունքի շուրջ: Հայրենակից ձևավորելու և ձեռք բերելու այլ ճանապարհ, կարծում եմ, չկա: Այսօր ունենք ախպերներ, բարեկամներ-ազգականներ, ընկերներ, երևանցիներ, ղարաբաղցիներ, ապարանցիներ, քաղաքացիներ, «գեղցիներ» բայց պետք է ունենանք նաև հայրենակիցներ` օրենքի և երկրի եղբայրներ: Միաժամանակ, սահմանադրականությամբ սահմանված խաղի կանոններով միմյանց հետ արդար կարող են մրցել, ոչ թե միմյանց դեմ թշնամանալ և միմյանց մեջ գործակալներ փնտրել այսօրվա տարբեր գաղափարական ճամբարներում»,-մասնավորապես գրում է հրապարակախոսը:

Լուսանկարը` Հրանտ Տեր-Աբրահամյանի Facebook-ի էջից