Home / Հայաստան / Քլինթոնը Բաքվում. «Մենք որոշ նոր մոտեցումներ կառաջարկենք»

Քլինթոնը Բաքվում. «Մենք որոշ նոր մոտեցումներ կառաջարկենք»

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այսօր Ադրբեջանում երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր, այդ թվում` վերջին երկու օրերին շփման գծում գրանցված միջադեպերը: Այս մասին նա հայտարարել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ կայացած մամուլի ասուլիսին:

Պետքարտուղարի խոսքով` ինքն ավելի վաղ Երևանում էլ հայտարարել է, որ իրեն չափազանց մտահոգում է ստեղծված իրավիճակը, որը կարող է անկանխատեսելի և աղետալի հետևանքների հանգեցնել:

«Բռնության և վրիժառության այս շրջանին պետք է վերջ տրվի, և յուրաքանչյուրը պետք է աշխատի նպաստել խաղաղության հաստատմանը և կատարի հրադադարի վերաբերյալ համաձայնագրով ամրագրված պարտավորվածությունները», – ասել է Քլինթոնը:

Պետքարտուղարը հայտարարել է նաև, որ Ալիևի հետ հանդիպմանը ինքը հատուկ ընդգծել է, որ ԱՄՆ պատրաստ է անել ամեն հնարավորը, որպեսզի օգնի կողմերին հասնել Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված սկզբունքների կատարմանը:

AP գործակալության հարցին, թե ինչպես պետքարտուղարը կարող է բացատրել այն հանգամանքը, որ շփման գծում միջադեպերը գրանցվել են հենց իր այցի ընթացքում, Քլինթոնը պատասխանել է.

«Շատ եմ ցավում տեղի ունեցածի համար: Ինչպես տեղյակ եք, երբ ժամանեցի Երևան, այնտեղ արդեն իսկ երեք զինվոր էր զոհվել, և ես այնտեղ լսեցի միևնույն մտահոգությունները, ինչ այստեղ` Ադրբեջանում: Ցավալի է լսել այս երիտասարդ զինվորների և ցանկացած այլ մարդու սպանության մասին, այս խնդիրը ռազմական լուծում չունի: Մենք հավասարապես սգում ենք թե ադրբեջանցիների և թե հայերի անիմաստ մահերի համար: Եվ մենք պետք է պատվենք նրանց մահը` վերադառնալով խաղաղության և անելով առավելագույնը հնարավորինս արագ շարունակելու համար դեպի խաղաղություն տանող ճանապարհը:

Մոտ երկու շաբաթից Մինսկի խմբի համանախագահների հետ երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպում կունենան: Մենք որոշ նոր մոտեցումներ կառաջարկենք, որոնք ես արդեն իսկ հնարավորություն եմ ունեցել քննարկել նախագահների և նախարարների հետ, որովհետև խնդրին անհրաժեշտ է լուծում տալ»: