Home / Տեսանյութեր / «Ով ասում է՝ սիրիր հայրենիքդ, ուզում է քեզ օգտագործել». հայտնի ռեժիսորը պատմել է իր «Մշուշի» մասին

«Ով ասում է՝ սիրիր հայրենիքդ, ուզում է քեզ օգտագործել». հայտնի ռեժիսորը պատմել է իր «Մշուշի» մասին

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնին այս տարի ևս ֆիլմ է ներկայացրել ռուսաստանցի ռեժիսոր Սերգեյ Լոզնիցան:  աղարկային ֆիլմերի մրցույթում ներառված նրա «Մշուշում» ֆիլմը  Կաննի փառատոնի FIPRESCI մրցանակի դափնեկիր է: Ֆիմը Երկրորդ համաշխարհայինի մասին է, սակայն որևէ պատերազմական դրություն ցույց չի տալիս, այլ պարտիզան ընկերների մասին է:

Ֆիլմի հիմքում ընկած է պարտիզաններից մեկի անձնական դժբախտությունը, ում, ի տարբերություն 9 ընկերների, գերմանացիները չեն կախում, այլ ազատ են արձակում: Մուշենյան երազում է, որ իրեն էլ սպանեին, քանի որ հանրությունը, նույնիսկ կինը կասկածում են, թե ինքը դավաճանել է ու այդպես է կյանքը փրկել:

«Մշուշում ֆիլմում պատերազմ առհասարակ չկա, կա պատերազմ մարդկանց միջև: Գերմանացիները պատասխանատու են միայն իրավիճակը ստեղծելու համար»,-Epress.am-ի հետ զրույցում ասել է Լոզնիցան:

Ռեժիսորը պատմել է, որ ֆիլմում ներկայացված պատմությունը շատ նման է իր պապիկի կյանքի պատմությանը, ում խորհրադային բանակը թողել է անզեն, միայնակ Բելառուսում, սակայն գերմանացիները չեն սպանել նրան:  Ինչպես ֆիլմի հերոսին, այնպես էլ ռեժիսորի պապին համարել են դավաճան:

«Հայրենասիրություն բառը ես ատում եմ: Ով ձեզ ասում է՝ սիրիր քո հայրենիքը, նա ուզում է քեզ օգտագործել:  Ես սիրում եմ Երկիր մոլորակը, քանի որ այլ մոլորակում դեռ չեմ եղել: Պատերազմի վնասները բոլորը գիտեն, սակայն քաղաքական գործիչները հիմար են, նրանք գերադասում են պրոցեսը շարունակել, քան հաշտություն կնքել:  Կարծես, պատերազմը գնացք է, նրանք կարող են իջնել դրանից, բայց  մտածում են, թե իրենք են գնացքը վարողը»,- ասել է Լոզնիցան:

Ֆիլմը նկարահանվել է երկար, անշարժ, սակայն առանձին ինֆորմացիա տվող կադրերով, ինչը, ըստ Լոզնիցայի, անհրաժեշտ է որպեսզի ոչ միայն ինֆորմացիա հաղորդվի, այլև դիտողը զգա պահը:

«Մշուշում» ֆիլմի սցենարը Լոզնիցան գրել է 11 տարի առաջ, սակայն այսքան տարի չէր գտնում ֆինանսավորում, մինչ դրա ստեղծելու համար միացան նաև գերմանական, բելառուսական, հոլանդական ստեղծագործողները:

Մեզ հետ զրույցում Սերգեյ Լոզնիցան ասել է, որ ժամանակակից Ռուսաստանում ևս տեսնում է ֆիլմ նկարելու արժանի հերոսներ, իրավիճակներ, սակայն համոզված է, որ այդ իրավիճակները նկարագրելու համար պետական ֆինանսավորում չի ստանա: «Ես ատում եմ քաղաքականությունը:  Ռուսաստանից ինձ ֆինանսավորում չեն տա, իսկ Եվրոպայում մարդկանց հետաքրքրում է միայն այն, թե որքան եկամուտ ֆիլմը կբերի».- ասել է  ռեժիսորը:

Tekali Taxi