Home / Հայաստան / «Աննամուսության դրսևորում». Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ռուբեն Հայրապետյանին

«Աննամուսության դրսևորում». Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ռուբեն Հայրապետյանին

Ռուբեն Հայրապետյանը ակնհայտորեն մազոխիստ է՝ աննամուսության աղաղակող դրսևորումներով: Այս մասին ասված է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ, որտեղ վերջինս անդրադարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի «Les Nouvelles d’Armenie» հանդեսին տված հարցազրույցի այն հատվածին, որտեղ Հայրապետյանը պնդում է, թե Փաշինյանի թերթին մեկ տարի գումար է տվել, որ «թերթը պահի»:

«Ամեն անգամ մի հիմարություն դուրս է տալիս, հետո թե՛ տղայական, թե՛ քաղաքական, թե՛ մարդկային, թե՛ բարոյական իմաստով խայտառակվում Հայաստանով մեկ, հետո նորից կրկնում նույնը:

Լրագրողների ներկայությամբ տուտուցլամիշ էր եղել, թե ինքը ծեծող տղա է, բայց իրավապաշտպան Արման Վեզիրյանի վրա հարձակվելուց հետո հաջորդ օրն իսկ զանգահարել, աղիողորմ ներողություն էր խնդրել, որ գործուն զղջման տակ ընկնի, ինչ է, թե դատարանը 200 հազար դրամ չտուգանի իրեն, կամ եռամսյա կալանք չտա: Երևի վախենում էր քրեակատարողական հիմնարկներում այդ երեք ամսվա ընթացքում իր հետ վատ արարքներ անեն:

Հայտարարեց, թե պատգամավորի թեկնածու չի առաջադրվելու, հետո վազեց առաջադրվեց: Հետո ասաց, թե ցանկացած ֆորմատով պատրաստ է բանավիճել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչի հետ, հետո ուղիղ եթերում ճողոպրեց բանավեճից:

Հետո ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու մասին հայտարարություն արեց, հիմա էլ հայտարարում է, թե ետ է վերցնելու մանդատը վայր դնելու մասին դիմումը, որ հետո նորից մանդատը վայր դնելու մասին դիմում գրի:

«Les Nouvelles d’Armenie»-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է (ի դեպ չեմ կասկածում հանդեսի հայաստանյան թղթակից Սեդա Մավյանի պրոֆեսիոնալիզմին) Դոդի Գագո, հիմա ասում է, թե չի ասել Դոդի Գագո», – նշել է Փաշինյանը: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի մամուլի ծառայությունը հաղորդել է, թե ԲՀԿ առաջնորդը զանգահարել է այդ հարցով Ռուբեն Հայրապետյանին, իսկ վերջինս ասել է, որ հարցազրույցի ժամանակ նման արտահայտություն չի արել և այդ հատվածը իրականության չի համապատասխանում:

Անդրադառնալով իր մասին արված պնդումներին՝ Փաշինյանը հիշեցնում է, որ դեռևս 2009 թվականին փետրվարին հրավիրած ասուլիսում Հայրապետյանը հայտարարել էր, թե ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 2 միլիոն դոլարանոց տուն ունի:

«Հրապարակային պնդեցի, որ եթե նա ցույց չտա այդ տունը, կամ գոնե ասածին մոտիկ ինչ-որ բան. այդպիսով, ցանկացածին իրավունք է վերապահում իր մասին մտածել և ասել ամենածայրահեղ բաները: Ու նախորդ անուղեղ հայտարարությունը որևէ կերպ չհիմնավորած, ահա այսպիսի նոր կլյաուզայով է հանդես գալիս: Նեմեցը այսպիսով հաստատում է նախկինում իր հասցեին իմ արած բոլոր հայտարարությունները:

Իրականության հետ նույնիսկ հեռավոր աղերս չունեցող բարբաջանքը որպես իրականություն կարող է ներկայացնել միայն գյադան: Գյադա իշխանության գյադա ներկայացուցչից որևէ այլ բան սպասել չէր էլ կարելի», – եզրափակել է Փաշինյանը: