Home / Հայաստան / Շախմատային Օլիմպիադայի չեմպիոնները. ինչպես հայաստանցիները հաղթեցին

Շախմատային Օլիմպիադայի չեմպիոնները. ինչպես հայաստանցիները հաղթեցին

Հայաստանի շախմատի հավաքականը Օլիմպիական չեմպիոն հռչակվեց՝ Ստամբուլում վաստակելով 19 միավոր և լրացուցիչ ցուցանիշով՝ Զոննեբորն-Բերգերի գործակցով շրջանցելով նույնքան միավոր հավաքած Ռուսաստանի ընտրանուն:

11 տուրերում մեր թիմը մեկ ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի հետ, պարտվեց Չինաստանին և 9 հաղթանակ տարավ՝ Բոլիվիայի, Բանգլադեշի, Իսպանիայի, Ֆիլիպինների, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Գերմանիայի, Հոլնադիայի և Հունգարիայի նկատմամբ:

Հայաստանցիների ելույթներն ըստ տախտակների.

Առաջին տախտակ՝ Լևոն Արոնյան.

5 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 1 պարտություն

Հայաստանի հավաքականի առաջատարը հերթական անգամ փայլեց: Քանի որ նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը չէր մասնակցում մրցաշարին, Արոնյանը բարձրագույն վարկանիշն ուներ բոլոր շախմատիստների շարքում: Նա իր բարձր վարկը ապացուցեց 10 խաղում 7 միավոր վաստակելով և ճանաչվելով մրցաշարի լավագույն առաջին տախտակ: Չնայած առաջին տախտակների շարքում եղան գրոսմայստերներ, ովքեր Արնոյանից շատ միավորներ վաստակեցին, սակայն ոսկե մեդալը նրան հանձնվեց, քանի որ Արոնյանի մրցակիցների միջին վարկանիշը 2700 էր:

Արոնյանն իր միակ պարտությունը կրեց Վլադիմիր Կրամնիկից՝ ոչ պարտադիր սխալ անելով պարտիայի միջնամասում: Մրցաշարի վերջում երկու կարևոր հաղթանակ տարավ գերմանացի Արկադի Նայդիչի և հոլանդացի Անիշ Գիրի նկատմամբ: Արոնյանի արդյունքը մրցաշարում հավասար էր 2849 վարկանիշի:

Երկրորդ տախտակ՝ Սերգեյ Մովսեսյան

2 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 2 պարտություն

Սերգեյ Մովսեսյանի խաղը Օլիմպիադայում ծայրահեղությունից ծայրահեղություն էր: Նա առաջին իսկ տուրում անսպասելիորեն պարտվեց իրեն վարկանիշով 200 կետից ավելի զիջող բոլիվիացի Օսվալդո Զամբրանային: Մեր թիմի միակ պարտությունը Չինաստանին նույնպես Սերգեյի «շնորհիվ» էր. Չինաստանի հետ խաղում նա տանուլ տվեց իր պարտիան Վան Յուէին՝ այն էլ սպիտակներով: Բայց նույն Մովսեսյանը երկու կարևորագույն հաղթանակ տարավ. Ռուսաստանի հետ խաղում նա ոչ-ոքի պարգևեց հայաստանցիներին՝ հաղթելով Ալեքսանդր Գրիշչուկին, իսկ վերջին տուրում հաղթանակ և ոսկե մեդալներ բերեց Հայաստանին՝ պարտության մատնելով Զոլտան Ալմաշիին: Սերգեյի համար սա առաջին Օլիմպիադան էր մեր թիմի կազմում և արժանի ոսկե մեդալ:

 Երրորդ տախտակ՝ Վլադիմիր Հակոբյան

5 հաղթանակ, 5 ոչ-ոքի

Հայաստանի հավաքականի հիմնական կազմից միակը, ով ոչ մի պարտություն չկրեց՝ ֆանտաստիկ մրցաշար անցկացնելով: Փորձառու գրոսմայստերը կարևոր հաղթանակներ տարավ գերմանացի Գեորգ Մայերի և հոլանդացի Իվան Սոկոլովի նկատմամբ: Մրցաշարի ընթացքում նա հայաստանցիներից ամենաշատ միավորները վաստակեց՝ 7,5: Նա երրորդ տախտակների շարքում երկրորդ տեղը զբաղեցրեց՝ զիջելով միայն Ադրբեջանը ներկայացնող Շահրիյար Մամեդյարովին: Հակոբյանի վստահ խաղը դարձավ հայաստանցիների հաղթանակի հիմնական գրավականներից մեկը:

Չորրորդ տախտակ՝ Գաբրիել Սարգսյան

4 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 1 պարտություն

Գաբրիել Սարգսյանը նույնպես գերազանց մրցաշար անցկացրեց: Նա միակն էր, ով խաղաց բոլոր պարտիաներում և հիանալի արդյունքի հասավ: Նրա հաղթական պարտիան 4-րդ տուրում ապահովեց առավելությունը ֆիլիպինցիների նկատմամբ, իսկ միակ պարտությունը նա կրեց այն ժամանակ, երբ Հայաստանը հաղթում էր Գերմանիային 2,5:0,5 հաշվով և այդ պարտիան արդեն ոչինչ չէր որոշում:

Հինգերորդ տախտակ՝ Տիգրան Պետրոսյան

2 հաղթանակ, 1 ոչ-ոքի

Տիգրան Պետրոսյանը 4 տարի առաջ Դրեզդենի Շախմատային Օլիմպիադայի վերջին տուրում հաղթական միավոր բերեց Հայաստանին Չինաստանի հետ հանդիպման ժամանակ, որի շնորհիվ էլ մեր ընտրանին չեմպիոն հռչակվեց: Այս անգամ նա հստակ կատարեց պահեստայինի իր դերը՝ առաջին երեք տուրերում մեկական անգամ հնարավորություն տալով հանգստանալ Արոնյանին, Մովսեսյանի և Հակոբյանին:

Նշենք, որ Հայաստանի հավաքականները Գապրինդաշվիլիի գավաթում 4-րդ տեղը զբաղեցրեցին: Այս գավաթը ստանում է այն թիմը, որը ամենից շատ ելույթներ է ունենում բաց և կանանց մրցաշարերում միասին: Գապրինդաշվիլիի գավաթը շնորհվեց Ռուսաստանին, որոնց հավաքականը երկրորդ տեղը զբաղեցրե, իսկ կանանց հավաքականը չեմպիոն հռչակվեց:

Հայաստանի կանանց հավաքականը, հիշեցնենք, մրցաշարն ավարտեց 6-րդ տեղում: