Home / Հայաստան / Բնապահպանության նախարարն աշխատանքից ազատել է «Խոսրովի արգելոցի» տնօրենին

Բնապահպանության նախարարն աշխատանքից ազատել է «Խոսրովի արգելոցի» տնօրենին

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն աշխատանքից ազատել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենին, արգելոցի պահպանությունն իրականացնող մի շարք աշխատակիցներին, ինչպես նաև մի քանի այլ աշխատակիցներ  ներկայացվել են կարգապահական տույժերի: Նման քայլերը կապված են դեռևս սեպտեմբերի վերջին բնապահպան ակտիվիստների տարածած տեսանյութի և լուսանկարների հետ, որոնց վրա երևում էր, թե ինչպես են արգելոցում կատարված որսի հետևանքով կենդանիներ սպանվել: Ապօրինի որսի հետ կապված ՀՀ ոստիկանությունը հարուցել է քրեական գործ, ձերբակալվել է Գառնիի բնակիչ Նորիկ Սարգսյանը: Նշենք, որ բնապահպան ակտիվիստները համարում են, որ Սարգսյանը որսի իրական մեղավորը չէ:

Նախարարը հանձնարարել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին, որպեսզի կարգ մշակեն՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին Բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) վերահսկողական աշխատանքներին մասնակից դարձնելու և ԲՀՊՏ-ների կառավարման խորհուրդներում Հ/Կ ներկայացուցիչների ներգրավումն ապահովելու նպատակով:

Արամ Հարությունյանի հրամանով ստեղծվել է նաև արագ արձագանքման աշխատանքային խումբ` ապօրինությունների կանխարգելման, ինչպես նաև ԲՀՊՏ-ներում առանց նախազգուշացման, չպլանավորված ստուգայցեր իրականացնելու նպատակով: