Home / Տեսանյութեր / Եվս 131 հազար. Հայաստանը շարունակում է գումարներ վճարել՝ ՄԻԵԴ-ում գործեր տանուլ տալով

Եվս 131 հազար. Հայաստանը շարունակում է գումարներ վճարել՝ ՄԻԵԴ-ում գործեր տանուլ տալով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ևս երկու վճիռ է կայացրել Բյուզանդի փողոցի իրենց տներից 2005 թվականին վտարված երկու ընտանիքների վերաբերյալ` արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է նրանց սեփականության իրավունքը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է ՄԻԵԴ-ում դիմողների շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը, «Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով պետբյուջեից Դանիելյանների ընտանիքին որպես փոխհատուցում պետք է վճարվի 95 հազար եվրո, իսկ «Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով Թունյանների ընտանիքի համար սահմանվել է 36 հազար եվրոյի փոխհատուցում: Երկու դեպքերում էլ, ըստ փաստաբանի, այս ընտանիքների սեփականությունը բաժին է հասել «Գլենդել Հիլզ» ընկերությանը:

«Ազատություն» ռադիոկայանը նշում է, որ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռների թիվը հասավ 47-ի: 32 վճիռ, ըստ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջի, կայացվել է 2007-ի ապրիլից մինչև այս տարվա հունվարի 13-ը, որոնցով Հայաստանը շուրջ 193 հազար եվրոյի փոխհատուցում է վճարել դիմումատուներին: Իսկ 15 վճիռ, Վահե Գրիգորյանի տրամադրած տեղեկությունների համաձայն, կայացվել է տարեսկզբից մինչ օրս: Ընդ որում, այս տարի կայացված վճիռներով սահմանված գումարի ընդհանուր թիվը գերազանցել է նախորդ 4 տարիներին: Փաստաբանի տրամադրած տեղեկատվության համաձայն, խոսքը մոտ 273 հազար եվրոյի մասին է: Այսինքն, 2007-ից ի վեր, երբ ՄԻԵԴ-ն սկսեց քննել Հայաստանից ստացված գործերը, Հայաստանը ընդհանուր մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների խախտմամբ համար ընդհանուր առմամբ տուգանվել է մոտ 466 հազար եվրոյով: Այս գումարը վճարվում է պետական բյուջեից: