Home / Հայաստան / Երևանի ծննդատներն այսօր լեցուն են. պատճառը 12.12.12-ն է

Երևանի ծննդատներն այսօր լեցուն են. պատճառը 12.12.12-ն է

2012 թվականի դեկտեմբերի 12-ին՝ 12.12.12, կապված խորհրդանշական թվերի հետ, Երևան քաղաքի վարչական շրջանների Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մի շարք գործակալություններում (ՔԿԱԳ-ում) տրամադրությունը տոնական է եղել: Еpress.am-ի թղթակիցը զրուցել է գործակալություններից մի քանիսի  հետ:

«Այսօր 7 ամուսնություն ենք գրանցել, նախորդ օրերի համեմատությամբ այսօր դրանք 2-ով ավել են եղել: Թեև ամիս- ամսաթվի հետ կապված զույգերից շատերը օրվա մեջ ինչ-որ առանձնահատուկ բան են տեսնում, սակայն առանձնապես օրը  չի տարբերվել մյուսներից: Որպես կանոն զույգը դիմում է ներկայացնում՝ 10 օր անց ամուսնությունը գրանցելու համար, ու պատկերացրեք, որ դիմողների մեծ մասը ցանկություն է հայտնել գրանցումը իրականացնել հենց այսօր», – հայտնել են Կենտրոն վարչական շրջանի ՔԿԱԳ- ից:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում ժամը 15.55-ի դրությամբ գրանցվել է 6-րդ ամուսնությունը:

«Հենց այս պահին գրանցվում է այսօրվա միակ զույգը, որը հարսանեկան զգեստով է, մյուսները ավելի վաղ ամուսնացածներ են՝  2 ամիս առաջ, ավելի վաղ ու 10 օր առաջ եկել են և ցանկություն հայտնել՝ գրանցումն իրականացնել 12.12.12-ին: Օրվա մեջ զույգերից շատերը թեև խորհուրդ են տեսնում, այնուամենայնիվ, մեր սպասումներն ավելի մեծ էին: Նախորդ օրերի համեմատությամբ այսօր այնքան էլ արտասովոր չէ, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով», – հայտնել են գործակալությունից:

Էրեբունի վարչական շրջանի ՔԿԱԳ-ում էլ ժամը 16.00-ի դրությամբ 8 ամուսնություն էր գրանցվել:

«Հարսանիք չենք ունեցել, այսօր ուղղակի գրանցում ենք իրականացրել: Զույգերը նախօրոք դիմել են ու ցանկություն հայտնել ամուսնության գրանցումը իրականացնել խորհրդանշական թվերով օրը: Բոլորն էլ ինչ-որ ակնկալիքներ ու սպասումներ ունեն այսօրվանից: Մնացած ամեն ինչ սովորականի պես է», – ասել են գործակալությունից:

Օրը առավել տոնական է եղել Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների ՔԿԱԳ-ում, որտեղ ժամը 16.05-ի դրությամբ 9 ամուսնություններից  7-ն արդեն գրանցված են եղել:

«Այսօր մեզ մոտ տրամադրությունը չափազանց բարձր էր՝ կապված խորհրդավոր թվերի հետ: Մեկ հարսանեկան զույգ ենք ունեցել, ովքեր գրանցումից անմիջապես հետո գնացին դահլիճ՝ հարսանեկան արարողությունը շարունակելու: Մնացած զույգերը ուղղակի ցանկություն էին հայտնել ամուսնությունը գրանցել հենց այսօր: Բոլորն էլ նշեցին, որ օրը միշտ հիշվելու է, քանի որ թվերի նման համադրությամբ օր լինում է 100 տարին մեկ անգամ ու հետևաբար այն մեծ խորհուրդ ունի», – պատմել են գործակալությունից:

Epress.am-ի  թղթակիցը եղել է նաև «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ, նախորդ օրերի համեմատությամբ, ծնունդներն աննախադեպ շատ են եղել:

«Վաղ առավոտից կենտրոնը հերթագրում է հղիներին, ովքեր  ցանկություն են հայտնել ծննդաբերել հենց այսօր՝ կեսարյան հատման միջոցով: Չնայած այն բանին, որ հղիներից շատերը դեռ բավական ժամանակ ունեն ծննդաբերելու համար, այնուամենայնիվ, նրանք մեր կենտրոն են դիմել՝ վիրահատական ճանապարհով իրենց զավակին լույս աշխարհ բերելու ցանկությամբ: Իսկ ցանկությունը մեկն է՝ ծննդյան վկայականում որպես ծննդյան օր գրանցել 12.12.12 թվերը»,- ասել է կենտրոնի մասնագետներից մեկը:

Նշենք, որ նման իրավիճակ է նաև Երևանի այլ ծննդատներում: