Home / Հայաստան / Դեմիրճյանի կուսակցության՝ ՀԱԿ-ից դուրս գալու մասին լուրերն անհիմն են

Դեմիրճյանի կուսակցության՝ ՀԱԿ-ից դուրս գալու մասին լուրերն անհիմն են

Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ)՝ ՀԱԿ-ից դուրս գալու մասին խոսակցությունները հիմնավոր չեն: Այս մասին Դեմիրճյանն ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում

«ՀԺԿ-ն եղել և մնում է ՀԱԿ-ի առանցքային կուսակցություններից մեկը: Դուրս գալու հարց չկա: Հակառակը, թե ՀԺԿ-ն, թե ՀԱԿ-ի մեջ մտնող մյուս քաղաքական ուժերը, վերլուծելով ողջ անցած ուղին, պետք է փորձեն ՀԱԿ-ի գործունեությունը դարձնել առավել արդյունավետ և այդ կապակցությամբ Կոնգրեսում, իհարկե, քննարկումներ դեռ կլինեն: Եթե լինեն ռացիոնալ առաջարկներ, ապա դրանք, կարծում եմ, կընդունվեն», – ասել է Դեմիրճյանը:

Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ գալիք նախագահական ընտրություններին չառաջադրվելու մասին որոշմանը՝ Դեմիրճյանը նշել է, որ անկախ տարիքից մասնակցելը իմաստ չունի, եթե ընտրությունները կեղծվում են, և այդ գործին լծվում է ամբողջ պետական մեքենան:

«Այսօր ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի հավատում, որ հնարավոր է ընտրությունների միջոցով հասնել փոփոխությունների, իսպառ բացակայում է հավատը ընտրական գործընթացների նկատմամբ: Ամեն մի կեղծված ընտրություն իր խորը հետքն է թողնում, մեծացնում է հասարակության բարոյալքումը: Այս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է հզոր ընդդիմադիր բևեռի ձևավորում, ինչը, պետք է արձանագրենք, այս անգամ տեղի չունեցավ: Իսկ մասնակցել` մասնակցելու համար, դա մեզ պետք չէ», – նշել է ՀԺԿ ղեկավարը:

«ՀԺ»-ի հետ զրույցում նա նաև ընդգծել է, որ երրորդ վիրահատությունից հետո ինքն իրեն լավ է զգում, և արդեն անցել է աշխատանքի: